Wednesday, December 21, 2011

Չորացած արցունքներ

   Սիրում ես մեկին, ապրում ես նրանով, նրա հետ, նրա համար, և այսպես մինչև...սիրում ես մյուսին, ապրում ես նրանով, նրա հետ ու նորից նրա համար: Աջուձախ <<սեր>> բառի բացատրություններ ու չբացատրություններ /հիմա մոդայիկը սերն անճանաչելի երևույթ համարելն է/:  Էս ամեն ինչից սիրտդ մի քանի բան տեսավ: Տեսավ մի քիչ սեր, մի քիչ կարոտ, հուզումներ, լաց, ուրախություն,...և վերջում՝ մի անկյունում կոպտացող հառաչներ:
   Մեկ երջանիկներն են միանգամից գտնում իրար, մեկ էլ հիմարները:
   Տարվա եղանակների նման փոփոխվող հայացքների, ձայների, աչքերի ու ժպիտների մեջ մի ամբողջություն ես փնտրում , որ չորսն էլ ունենաս: Աշունն առանց ամառոտ սեպտեմբերի ու ձմռան շնչի չի լինում: Այսպես էլ մյուսների մեջ: Փոխվում են հերթով եղանակները, փոխվում են ծիծաղները, նվիրվող վարդերը, սիրելի անկյունները, ֆիլմերն ու երգերը, սիրած-չսիրած բառերը, տառերն ու հնչյունները: Ու աննկատ դու էլ դարձար մի խառնաշփոթ, մի աղմուկ, վայրագ մտքերի փոթորիկ, ինքդ քեզ չհասկացող ու տարօրինակ: Բայց...սիրել ես:
   Կոկորդի զսպված մաղձը փոխարինելու է գալիս անդադար արցունքներիդ: Անձայն, մեջդ պայթող հառաչ, անտարբերություն ու վերջում խելագարություն:
   Մի փոքր հանգիստ...Չէ՛ չի օգնի: Նոթատետրից դուրս եկած մարդկանց անուններ, հիշողություններ ու երգեր...Չէ՛, չի օգնի:

Thursday, October 6, 2011

Մի կտոր հուշ քեզանից

   Այսօր հուշերի օր է:
   Ափսոս, քեզ միայն հուշերումս եմ գտնում: Ավաղ, քեզ միայն սրտիս աչքերն են տեսնում: Այդպես էլ չնվիրեցիր օծանելիքդ, որ հիմա գոնե բույրդ զգայի:
   Հետաքրքիր էր մեր ամեն վայրկյանը, չնայած ընդամենը մի երկու անգամ հանդիպեցինք, մի քանի րոպե զգացի շունչդ:
   Քեզանով եմ ինձ այդ տարիներին հիշում: Քո խոսքերն են ինձ նկարագրում, քո բառերով եմ ինձ նայում: Հիշում եմ քեզ հետ խոսելուց հաճախ ժպտալս, որը այդպես էլ հետ չեկավ քեզանից հետո: Հիշում եմ զանգերից հետո մինչև լուսաբաց ձգվող նամակները: Հիշում եմ քնկոտությունս ու դրա պատճառով մեր վեճերը: Իսկ հիմա հիշելուց մի ինչ-որ աստվածային զգացումով է սիրտս լցվում:
   Քեզանով եմ սիրել սովորել, քեզանով եմ սիրվելը ճանաչել: Քեզ համար եմ առաջին անգամ իսկական քաջությունը զգացել: Զանգեցի ընկերոջս.
 - Բարև **** ջան: Հիմա նենց տեղ եմ գնում, որ հնարավորա չկարողանամ վերադառնամ: Մի երկու ժամից եթե չզանգեմ կգաք հետևիցս: Ես *** կլինեմ :
   Հիմա ժպտալով եմ հիշում, նույնիսկ հպարտությամբ, որ քեզ հանդիպել եմ: Եթե նույնիսկ այս կյանքում ոչնչի չհասնեմ, չզգամ կյանքի շատ քաղցրություններ, միևնույն է չեմ տխրի: Ես Քեզ եմ ունեցել: Միգուցե կյանքը ինձ նվեր անի և մի անգամ էլ տեսնեմ, էլ չեմ թողնի որ հեռանաս: Կհիշեմ քեզ, ինչպես հիմա եմ հիշում: Կհիշեմ մեզ ինչպես երազում էի: Կհիշեմ մեր ապագան, որ երազում էինք: Կհիշեմ այն աղջկան, որին ցանկանում էինք ծնունդ տալ: Մինչև հիմա ամեն անգամ երեխայի սեռի մասին կարծիքներ կամ զրույցներ լսելիս քեզ եմ միայն հիշում ու այն աղջկան, որ այդպես էլ չծնվեց: Առաջին անգամ աղջիկ երեխա ցանկացա. վախենում էի որ առանց քեզ չէի կարողանա ապրել: Նա քեզ էր հիշացնելու: Նրա աչքերը քո աչքերն էին լինելու: Բայց...Ավաղ...Մնացել եմ մենակ, մնացել եմ հուշերիս հետ:
   Հավերժության համբույր եմ ուղարկում քեզ: Գիտեմ՝ խոսքերս ինչ-որ կերպ կզգաս, գիտեմ՝ ինչ-որ հեռվում նստած հիմա դու էլ ես ինձ հիշում:

Wednesday, October 5, 2011

Վայրկյան


Վերջին համբույրդ այտիս դրոշմված,
Հեռուներն են մեզ բաժանում,
Վայրկյաններս են լի քեզնով,
Մի վերջին համբույր, որ ապրում է ինձ հետ, 
Մի վերջին վայրկյան, որ ապրում է հավետ:

Monday, October 3, 2011

Գնում ես

 - Քեզ վարդեր եմ բերել: Այս ի՞նչ է: Հմմ, գնու՞մ ես:
 - Կներես, եկել էի գնալու համար:
 - Արդեն որերորդ անգամ է: Գոնե դու գիտես դա: Օգնե՞մ հավաքես իրերդ:
 - Արդեն հավաքել եմ, մնացածը քեզ եմ թողնում:
 - Օծանելիքդ եմ միայն խնդրում:
 - Վերցրու, խոստացիր, որ վաղը ևեթ կպահես մեր չհիշվող անկյունում:
   Համբուրեց ու միայն դռան փակվելու ձայնը լսեցի: Երկու-երեք ժամ հետո ուշքի եկա: <<Դեռ չե՞ս հասկանում սա իրականություն է: Կրկնվող իրականություն >> : Բայց չէի համակերպվում ոչ մի բաժանման հետ: Բայց մյուսն էր գալիս. հաջորդը: Ամեն հաջորդի գալով սրտիս ու աչքերիս ջերմը փակում էին բացված վերքերս: Ու միայն մի բան էր բերում իր հետ՝ նոր ճաքեր սրտիս: Թմրամոլի եմ նմանվում: Անվերջ թվացող, բայց իրականում ժամանակավոր հաճույք, իսկ հետո...
   Առավոտյան արթնացա և ծխախոտի մնացորդներից ու խմիչքի շշերից բացի ոչ մի բան չտեսա: Սեղանին գտա նրա օծանելիքը: Վարդերը չգտա:
<<Գիժ, ты любишь носом>>,- նրա խոսքերն էին:
   Մի բաժակ սուրճ խմեցի, վերցրի օծանելիքը... ու այդպես մի րոպե, մի ժամ, մի օր:
   Այսքանից հետո ինչու՞ չի կոտրվում կարոտի զգացումը: Թվում է, թե դեռ սենյակումս է, կամ ուր որ է դուռը կբացվի և կժպտա խենթ աչքերով:
  -Կարոտում եմ...Կզանգե՞ս:
   Պտտվում է ջարդված անիվը: Հոգնել եմ կրկնվող շղթայից:
 

Tuesday, September 6, 2011

10 տարին 10 օրում

   Քայլերս նորից հաջորդում են իրար աղոտ ու անծայր լռության մեջ: Շուրջբոլորս դատարկություն է ու քաոս: Մի պահ երևաց լուսինն ու անհետացավ մտքերիս շփոթից: Անվերջ հոսում են անբառ ու անհասկանալի մտքերս: Օրերով հանգիստ չունեմ դրանցից: Շուրջս միայն մտքեր ու երևակայությունումս ծնված աղոտ պատկերներ են, հորինված ծիծաղի ձայներ ու անվերջ ծաղրանքով մատնացույց անող հռհռացող դեմքեր: Միայն մի պատկեր էր, որ միշտ նույն տեղում էր ու նույն ժամին:
   Գիշերվա մթության նման փայլուն սև մազերով տասնամյա մի աղջկա հանդիպեցի: Արդեն ամսից ավել էր նրան տեսնում էի նույն ժամին քրքրված մի կտորի վրա նստած: Թվում էր՝ ոչ ոք նրան չէր էլ նկատում: Ես ևս գրեթե մի շաբաթ հետո նկատեցի նրա գոյությունը: Չկարողացա ծանոթանալ նրա հետ...չպատասխանեց իմ ոչ մի բառին: Կարծես չէր էլ տեսնում ինձ, ոչ էլ ձայնս էր լսում: Հաջորդ օրը նրան մի ծաղիկ նվիրեցի: Զարմանալի էր, բայց շրջվեց, ժպտաց ու ընդունեց նվերս: Խնդրեցի նրան, որ ծաղկամանի մեջ դնի ու ամեն օր ջրի:
   -Շնորհակալ եմ,-մեղավորի ժպիտով մի կերպ նայեց աչքերիս ու վազելով հեռացավ:
   Այդ օրից անցավ տասը օր, ինչ մենք ոչ մի բառ չփոխանակեցինք: Տեսնում էի նրան էլի նույն տեղը նույն կտորի վրա նստած, բայց չէի մոտենում: Տասը օր հետո նրա աչքերի արցունքները ստիպեցին խոսել հետը: Պատմեց մի շնչով, առանց հեկեկալու, բայց արցունքները  առատ հոսում էին այտերի վրայով:
    Պահածոյի ամանից մի ծաղկաման էր շինել ու ծաղիկը դրա մեջ դրել: Խնամելու դեպքում այն շատ երկար էր ապրելու ու նրանց հոտած տանը գույն կտար: Տասնամյա աղջիկը ծաղիկը դրել էր տան մեջտեղը: Նրա հայրն ու մայրը չնկատեցին էլ դա: Տասը օրում տեսավ ամենը, ինչ այդ աղջիկը տեսել էր տասը տարի շարունակ: Տասը օրում նրա շնչին հասան հոր տաղտկալի ու հոտած հայհոյանքներն ու մոր՝ լրբի նման գոռոցները: ԶԶվելի ճահիճը դարձավ նրա հողը, սպիրտի ու ծխի օդը՝ նրա ջուրը: Աղջիկը սովոր էր ծնողների գարշելի կռիվներին: Նա դրանց սկզբից տասը րոպե առաջ արդեն տանը չէր: Գլուխն առնում ու փախնում էր, միայն թե չլսեր հոր <<պոռնիկն>> ու մոր <<հարբեցող անասունը>>: Օրերով չէր նայում մոր կապտած ու այլանդակված աչքերին ու ոչ էլ հոր արյունոտ վերքերով լի հայացքին:
   Դուրս էր գալիս ու քայլում այնքան, մինչև ոտքերը կանգ կառնեին ու հենց կանգնած տեղում էլ նստում էր կամ գլխարկի, կամ էլ քանդված շարֆի վրա: Ընկեր էլ չուներ, որովհետև բոլորը նրան մատով էին ցույց տալիս: Բայց նա դա չէր էլ նկատում: Ու ոչ մեկին էլ չէր տեսնում: Նստում էր այնքան, մինչև հիշում էր, որ տուն պետք է գնա: Տանն էլ նրան չէին նկատում: Նա էլ արդեն ծաղկի համար էր տուն վերադառնում: Առաջին օրը մի բաժակ ջուր լցրեց ծաղկամանի մեջ ու անհամբեր ժպիտով սպասեց արձագանքին: Այդ օրը պառկեց քնելու՝ հիշողության մեջ ուրախությամբ դաջելով ծաղկի՝ վեր բարձրացող հայացքը:
   Հաջորդ օրն եկավ: Արթնացավ նորից վեճ ու կռվի մեջ: Արթնացավ՝ ծաղիկների դաշտերը երազում թողնելով: Ու նորից՝ ինչպես միշտ: Մտածեց ծաղիկն էլ հետը վերցնի, բայց վախեցավ մտնի հոր ու մոր ծեծկռտուքի մեջ: Դռան արանքից մի վայրկյան նայեց ու հեռացավ: Ու այսպես անընդմեջ: Նա դուրս էր գալիս, իսկ նրա միակ ծաղիկը, միակ ժպիտն ու միակ ընկերը մնում էր հոր փտած գոռոցների ու անմարդկային բարբաջանքների մեջ:
   Խնամելու դեպքում այն շատ երկար էր ապրելու և աղջկա հայացքին ժպիտ էր տալու: Տասը օր էլ չապրեց այդ ծաղիկը: Մեռավ ու իր հետ տարավ մի տող ժպիտ...մի տող, բայց վերջինը, մի վայրկյան ամեն օր դռան արանքից առանց արցունք իրեն նայող աչքեր...մի վայրկյան, բայց միակը:
   Քայլերս նորից հաջորդում են իրար աղոտ ու անծայր լռության մեջ: Շուրջբոլորս դատարկություն է ու քաոս: Անձրևները մթնշաղի թափվում են արևոտ իմ դեմքին:

Sunday, August 21, 2011

Տարիներ հետո

   Անվերջ վեճի մեջ եմ սրտիս հետ, հավատս կորցրած տատրակի նման աջուձախ անում, պատեպատ եմ ինձ տալիս: Էլ ընկերը չեմ սրտիս: Չգիտեմ ինչպես պատասխանեմ նրա հարցերին: Իսկ նա՞: Նա այլևս լքում է ինձ: Ապրում է ինձանում, լսում եմ նրա զարկերը, բայց կարծես քնի մեջ լինենք և՛ նա, և՛ ես: Ինչու՞ չեն դողում սրտիս զարկերը: Ինչու՞ նա զարկում է միայն իմ կյանքը խնայելով:
   Այսպես չի մնա: Կշնչի նորից իմ սիրտը... թեկուզ մի ակնթարթ: Կճչա նորից մանուկի պես: Ափսոս անվերջ է այդ սպասումը:
   Տարիներ կանցնեն, անքուն գիշերներ կլուսանան, նոր աստղեր կծնվեն ու հին երգերը կմոռացվեն: Կլցվի դատարկությունը... թեկուզ մի ակնթարթ: Կփոխվի մեր այգու բույրը, կփոխվի կանաչի գույնը, կսառեն զարմացած մեզ նայող հայացքները:
   Տարիներ հետո մենք կհանդիպենք: Երազներ հետո մենք էլ կփոխվենք: Գուցե հիշես աչքերս ու մի պահ չխնայես հայացքդ: Գուցե նորից այրվի սիրտս, գուցե մի լուռ վայրկյան էլ լսվի միայն նրա ձայնը:
   Գարուններ հետո մենք կհանդիպենք: Ու նորից կզգամ չմոռացված քո բույրը: Մեկ անգամ էլ կփայլեն աչքերս:
   Գուցե ժպտաս, գուցե բարևես:
   Գուցե ժպտամ, գուցե գրկեմ:
   Գուցե մատներս արթնանան վարսերիդ փայլից:
   Գուցե լցվեն աչքերս անսովոր ցրտից:
   Իսկ գուցե տեսնես ինձ որպես անծանոթ, որպես մի խելագար անցորդ:

Thursday, July 21, 2011

Մտքիս էջերից


   Մտածելու մասին շատ եմ մտածել, բայց այդքանը թղթին հանձնելը մի փոքր դժվար է: Ընդամենը մի տող միտք, որ արժե ինչպես գրել, այնպես էլ կարծում եմ կարդալ:
   Ապրում ենք...Ապրում ենք մեր ստեղծած կյանքում, ավելին՝ մեր ստեղծագործություններում: Մի փոքր մտորելուց հետո հասկանում եմ, որ կյանքը, ապրելաձևը, քաոսն ու լուռ ժամերը ավելին չեն, քան գիրքը, նրա ժանրը. հենց ստեղծագործական ժանրը: Ամենքս կարդում ենք մեր ընտրած, ինչպես նաև մեր գրած գիրքը: Կարդում ենք, բայց սա լոկ ընթերցանություն չէ: Գրքի ամեն տողը մենք տեսնում ենք, զգում, լսում ու ապրում: Տառերի մեծ մասը գրվել են մեր սրտի արյունով, մեր աչքերի արցունքներով: Ամենքս ունենք մեր նախընտրելի, նաև հաճախ միակ ժանրը: Շատերիս մոտ դա անփոփոխ է, մեր կարծիքով նաև անկախ մեր կամքից: Միգուցե այդպես չի իրականում, բայց մենք, միևնույնն է, մեր ժանրի գերին ենք դարձել:
   Կողքինի կյանքը, նրա ստեղծագործությունը, նրա գիրքը մեզ համար պարզապես պատմություն է, էպիզոտ: Մենք ենք ընտրում, թե ինչքանով հետաքրքրված կլինենք այդ պատմությունով, թե ինչքանով կձուլվի մեր գրքի էջերին: Դրանցից մեկինը հետաքրքիր է, երկրորդինը նման է մեր գրքին, երրորդինը՝ լինում է նաև անիմաստ: Լավատեսը, թեկուզ ապրելով ամենաբարդ գիրքը, չի լքում իր ժանրը: Չի լքում իր ժանրը նույնպես և հոռետեսը, թեկուզ և ապրելով ամենագեղեցիկը: Իսկ ռոմանտիկը, ինչ գիրք էլ աչքերի առաջ լինի, նա, միևնույնն է, ամենալավ ստեղծագործողն է. գրում է նույն կերպ, անկախ ժանրից:
   Մեր շուրջն ամեն բան գոյություն ունի միայն մեր ուղեղում: Ամեն վայրկյանի հեղինակը մենք ենք: Կյանքի ամեն տող նախապես ծնվում է մեր մտքում:
   Հեղինակը կարդում է իր գրած գիրքը: Այսքանը...ոչ ավելին:

Monday, July 11, 2011

Միստիկա

   Միստիկա...Ստիպեցիր մտածել...մտածել անիրականի, աներևույթ ու անգո երևույթի մասին...մտածել միստիկայի մասին: Միտքս այդքան պայծառ չէր հասկանալու համար, սիրտս այդքան խելացի չէր քեզ ըմբռնելու համար:
   Միստիկա: Երևույթ, ինչի մասին չդադարեց ուղեղս մտածել քեզնից, քո՝ այդ բառն արտասանելուց հետո: Հարազատ էիր, մտերիմ, ավելին՝ սկսում էի քեզ կարոտել, ձայնդ էի փնտրում, աչքերիդ մեկ ակնթարթն էի ուզում ճանաչել: Գերել էիր ինձ իմ ստեղծած կապանքներով: Հետաքրքիր է չէ՞,թէ դու ինչ կապ ունես միստիկայի հետ: Ես ևս կապը չէի նկատել: Ես արդեն սկսում եմ չհավատալ այս աշխարհին: Չհավատալ, որ կյանք կա, որ արյունը դեռ հոսում է մարդկանց երակներում: Բնությունն է երևի ռեալ միայն, իսկ մնացածը...Մի՞թե ես էի քեզ հորինել: Մի՞թե դու իմ երևակայությունում ես ապրել: Մի՞թե կարող եմ ես այդքան կատարյալ, այդքան գեղեցիկ ստեղծագործության հեղինակ լինել: Երևի իմ շուրջն ամեն բան ես եմ ստեղծում, երևի խնդիրների, լուծումների, զգացողությունների ու հուզումների կերտողը ես եմ: Երազներս արդեն ավելի իրական են: Կյանքի գույները մշուշով են պատվել: Չեմ տարբերում ոչինչ ու ոչ մեկի: Ամենն արդեն մի պատկերով եմ տեսնում...Կամ էլ նույնիսկ չեմ տեսնում...
   Փնտրում էի միստիկա, գտա քեզ: Թե՞ հակառակը: Չգիտեմ...

Sunday, June 26, 2011

Դատարկ լիություն

   Տոն է...Ուրախ են բոլորը: Խնջույք է երեկոյի ամեն մի վայրկյանը: Կենտրոնում ես եմ և ինձ ուղղված հաճոյախոսությունները: Սեղանները լեփ-լեցուն են: Դրանց շուրջը միայն իրական մարդիկ. իրական ընկերներ, իրական բարեկամներ, իրական մտքեր ու սրտանց խոսքեր: Այդ խոսքերի կարիքն ունեն բոլորը. նաև ես, նույնիսկ Դու: Իսկ առանց այդ իրական ընկերների ու բարեկամների դժվար ու անհետաքրքիր կլիներ թե իմ կյանքը, և թե քո: Նրանք մեր կյանքի մի մասն են, կարևոր մասը: Ուրախ են կողակիցներս, լի է նրանց սրտերը կրակով, մի մասինն արդեն նաև գինով: Հաճույք հոգու և սրտի, մարմնի և մտքի: Իսկ ե՞ս...
   Կենացներ...կենացներ...կենացներ: Ամենուր հնչում է իմ անունը: Ժպտում եմ, հազվադեպ՝ ծիծաղ ու հրճվանք: Ականջներումս միայն երգ ու ծիծաղ: Տրամադրությունն ասես անվերջանալի է, երգն ու պարը՝ մինչև առավոտ: Լսվում են միայն ոտքերի դոփյուններ ու սուլոցներ: Ձեռքեր՝ ինձ շոյող, աչքեր՝ փայլող ու միտք կլանող: Իսկ ե՞ս...
   Իսկ ե՞ս... Ես առանց քեզ...Ես առանց քո ձայնի՝ աստվածային ու հոգումս անվերջ հնչող ձայնի...Ես առանց քո ձեռքերի ու նրանց տաք շոյանքների...Ես առանց իրական <<Դու>> ի...Ես առանց քո սրտի ու գինովցած շուրթերի, առանց աչքերիդ փայլի ու կրակի, առանց քո ժպիտի ու հայացքի: Ո՛չ, ես ուրախ չեմ, ինչպես ընկերներս ու բարեկամներս: Չեմ ժպտում նրանց նման, չեմ հիանում նրանց երգ ու պարով, ծափով ու ծիծաղով: Նվերներ ու համբույրներ, որոնց մեջ չկա քո նվեր-համույրը:
   Չկաս դու: Ես այսօր առանց քեզ եմ: Մենակ եմ այսքան մարդկանց մեջ: Երեկոյի աղմուկը սրտումս լռության ձայն է լսվում: Չկաս դու: Ես այսօր մենակ եմ:


 
Արթնացի՛ր, սա երազ էր...մղձավանջ:

Wednesday, June 22, 2011

Կարոտում եմ

   Լուռ եմ մի րոպե: Կրծում եմ ինքս ինձ: Նորից քաոս: Նորից անվերջ ու դանդաղ ընթացող մտքեր, կրքեր ու զգացողություններ: Մի րոպե նորից կյանքի աչքերի առաջ:
   Չեմ մոռանում միևնույնն է, զուր են փորձերը: Ու՞ր ես հիմա: Կողքիս չես, չեմ էլ կարողանում իրականիդ գտնել ինձանում: Ու՞մ աչքերն են նայում քեզ: Ու՞մ միտքն է մթագնում նրանց մեկ փայլից:
   Առանց քեզ եմ: Չկա ժպիտդ, չկան շուրթերդ, ու՞ր են խոսքերդ ու մտքերդ: Բայց միևնույնն է քեզ չեմ կարող ոչ կորցնել, ոչ մոռանալ, ոչ... ապրել քեզնից հեռու: Կարոտել եմ խեթ ու խենթ հայացքդ: Կարոտել եմ ամբողջ էությունդ ու դրա ամեն փշուրը:
   Ամեն հեռախոսային նամակի ձայնի հետ սիրտս էր ձայնում: Իսկ հիմա՞ ...: Լռեց: Ավելի անկեղծ ձայնը կտրեցի: Ինչու՞ : Ինքնախաբեություն: Գիտեմ՝ Քեզ չեմ մոռանա: Ինչպե՞ս մոռանամ, ինչպե՞ս ջնջեմ, ինչպե՞ս լռեմ: Չի անցնի շուրթերիցս քո շուրթերի թարմությունը: Դեռ շնչում եմ նրանց բույրը: Շուրթերիդ է փնտրում համբույրս: Դեռ ապրում եմ հայացքիդ փայլով, այտերիդ գույնով, դեռ լսում եմ սրտիդ հարվածները: Ինչպե՞ս մոռանամ աստվածային վարսերդ: Ձեռքերս նրանց են կարոտ: Ուժեղ են ձեռքերս, քանի դեռ շոյում են մազերդ, քանի դեռ ջերմանում են այտերիդ խաղով:
   Վաղուց է դու չկաս, վաղուց է չեմ տեսնում քեզ, վաղուց է մտքիս հյուրը չես: Բայց միևնույնն է սիրտս քեզ է կանչում, միայն դու ես նրանում ապրում: Վաղուց է աչքերս չեն փայլել, վաղուց է ժպիտս կեղծ է, վաղուց է ...:
   Աչքերս նորից քեզ են փնտրում, լսելիքս ձայնդ է որոնում, շունչս քեզ է կարտում: Կարոտում եմ Քեզ:

Sunday, June 19, 2011

Գործելու ժամն է



   Ջղայինացած եմ: Ուզում եմ անպայման կիսվեմ հանրության գոնե մի փոքր մասի հետ: Շատ դժվար կլիներ այս ամենը կամ մեջս պահել, կամ ուղղակի անտեսել:
   Երկու օր առաջ marketingclub-ի կազմակերպած միջոցառումներից մեկին էի ներկա: Մարքեթինգի ակումբում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ ՊողոսյանըՀանդիպման խորագիրն էր «Հեռուստատեսությամբ և ինտերնետով կոմերցիոն նախագծերի ընթացքում հակամշակութային ինֆորմացիայի ազդեցությունը հասարակության վրա»:
   Ուրեմն սենցսկսեմ սկզբիցՀարց-պատասխանը բառացի չեմ գրիբայց և զերծ կլինի չափազանցումներից:
   Միջոցառման հենց սկզբից նախարարին հարցեր ուղղվեցինթե ինչ է անում մշակույթի նախարարությունը այսօր հասարակությունում հակամշակութային գործունեությունը կասեցնելու համար, «պատասխան հարված» սպասվու՞մ էթե՞ ոչՆախարարի պատասխանըորը ինձ ոչ միայն չգոհացրեցայլև բարկություն առաջացրեցայսպիսին էր.
   - Խնդիրն այստեղ ավելի գլոբալ բնույթ է կրումԵս այդքան էլ վատ չեմ նայում հակամշակութային գործունեությանըԵվ դրա մասին մտածելու ժամանակ չունեմ
   Առաջին մասով համաձայն եմ նախարարի հետքանի որ իմ կարծիքով մշակույթի նախարարության առջև չափազանց բարդ խնդիրներ կան լուծելուավելի բարդքան մյուս նախարարություններում: Այստեղ խոսքը մի ամբողջ ժողովրդի մշակույթի պահպանումն ու փոխանցումն է: Նույնը չեմ կարող ասել պատասխանի մյուս կեսի մասինԻնձ թվում է՝ այդ նույն հակամշակութային գործունեությանը ոչ միայն չի կարելի մատների արանքով նայել կամ ժամանակ չունենալ դրա մասին մտածելուայլ պարտավոր ենք մենք բոլորս մեր ողջ ուժերը կենտրոնացնել դրա դեմ պայքարելու համարԱյստեղ իրականում խնդիրն ավելի բարդ էքան թվում է առաջին հայացքիցՀիշեցի Արթուր Մեսչյանի «Ահա և վերջ» գործըԵրգը Հայկի և Բելի պատերազմի մասին էՀեղինակը այն մեկնաբանում է որպես չավարտվածհիմա նույնպես շարունակվող պատերազմԵվ ցավոք սրտի այսօր Բելի որդիները հաղթող են դուրս գալիսԱյս պարագայում Բելի որդիները այդ հակամշակութային գործունեությամբ զբաղվողներն էլ ենԽնդիրն այնքան բարդ էոր մենք կարիք ունենք մտածելու մեր Հայ տեսակի պահպանման ու այդ որակի արժեքներով քաղաքացիներ դաստիարակելու մասին:
   Երիտասարդների մի մասն էլ գտնում էր որ մշակույթի նախարարությունը պետք է վերահսկի եթեր հեռերձակվող սերիալներըՊատասխանը եղավ սպասելի՝ հասարակությունում կա պահանջարկչի ուշանում նաև առաջարկըՆշվեց նաևոր հեռուստաալիքների մեծ մասը հանդիսանում է խոշոր հարկատուորը չպետք է մոռանալԸստ ինչ-որ վիճակագրության <<Աննա>> սերիալն ունի մոտ կես միլիոն ունկնդիրԼավագույն լուծումը ըստ մեր նախարարի չնայելն է: Հասարակությունը պետք է ինքը հասկանա, որ դա իրեն պետք չէ, այդ դեպքում ամեն ինչ կհարթվի:
   Միայն այն, որ մշակույթի նախարարությունը չունի իրավասություն վերահսկելու այդ ոլորտը, հարցը տանում է դեպի փակուղի (չմոռանանք նաև, որ տիկտին Պողոսյանը դեմ է մենեջմենթի ամենագլխավոր տարրերից մեկին՝ նույն այդ վերահսկողությանը): Ինչ վերաբերում է պահանջարկին ու առաջարկին, նայելուն ու չնայելուն, համոզված եմ, որ ձեռքերը ծալած նստելով հարց չի լուծվում: Համոզված եմ նաև, որ, եթե նույն այդ հեռուստաալիքներով առաջարկվի դիտել պոռնոֆիլմեր, ապա այդ կես միլիոն ունկնդիրների բանակի թիվը կկրկնապատտկվի: Չեմ կարծում, որ այդ թիվը պետք է որոշի, թե ինչը բարի է մեր հասարակության համար, և ինչը՝ ոչ: Եվ կես միլիոնով <<Աննա>> նայող ժողովրդից սպասել, թե ինքը կհասկանա լավն ու վատը, ուղղակի ծիծաղելի է:
   Լուծումը նշածս Հայկ և Բել պատերազմի մեջ է: Չունենք իրավասություն վերահսկելու Բելի որդիների գործերը, ուրեմն պետք է պայքարենք մինչև վերջ Հայկի որդիներով: Մենք կարիք ունենք Հայկերի, սակայն դաստիարակում ենք Բելեր: Ինչու՞: Որովհետև դաստիարակներն իրենք Բելի որդիներ են: Մեր փրկությունը եղած  Հայկ ուսուցիչներին պահելու ու առաջմղելու մեջ է: Նրանք կդաստիարակեն որակով Հայ ազգ ու Հայ սերունդ: Մեր ժողովրդին Նժդեհներ են պետք:
   Ողբում եմ քեզ ով հայոց ազգ, որ սպանում ես քո տեսակը, քո որակը, փշրում ես Հայկի զավակներին: Այս անգամ չի օգնի նույնիսկ լեզվի ու հավատի շուրջ համախմբվելը: Պայքարը բոլորինս է: Մենք՝ հասարակ ժողովրդի զավակներս պետք է պատերազմենք:
   Հաղթելու ենք, ինչ գնով էլ լինի:

Wednesday, June 15, 2011

Շնորհավոր... Եվս մեկ տարով մոտեցա


   Բարև: Մի փոքր անհամեստ գրառում կլինի, քանի որ հայտնվելու եմ ուշադրության կենտրոնում, ինչը, մեղմ ասած, չեմ սիրում:
   Շնորհավոր ծնունդս: Այո՛ իմ ծնունդը: Քսան տարեկան: Ավարտվեց իմ ամենասիրելի տարիքը, բայց ասում են քսանն էլ վատը չի : Համենայն դեպս չեմ ողբում կորուստս: Միևնույնն է՝ բոլորս ենք <<շտապում>> այնտեղ, որտեղ կամ բուրմունք կա, կամ էլ չկա: Հիշում եմ երեկ չէ առաջին օրն էր ծաղկեփունջը ձեռքիս հանդիպեցի առաջին ուսուցչուհուս: Քչերից է, որի մոտ չնայած երկու տարի եմ պատիվ ունեցել ուսանել , հարգանքով, սիրով ու բարձրաձայն կարող եմ ուսուցիչ անվանել: Երեկ էր՝ դպրոցն ավարտեցի ու ընդունվեցի համալսարան: Այսօր արդեն երրորդ կուրսն եմ ավարտում: Մի տեսակ չեմ կարողանում հասկանալ կյանքի արագությունը: Իմ մանկությունն էլ շատերի նման անցել է <<մութ ու ցուրտ>> տարիներին, այդ պատճառով հիշում եմ ավելի շատ թախիծ, քան ուրախություն: Չնայած այդ ժամանակների ժպիտն ուրիշ էր, ուրախությունն ուրիշ էր, գոհությունն ուրիշ էր: Միգուցե մանկության տարիներն էին պատճառը այդ աչքերի: Պատանեկությունից հիշում եմ միայն, որ դաս էի սովորում: Չէ՛ <<կռծողների>> դասից չէի: Ցավոք սրտի: Հիմա որ նայում եմ, թե իբր սովորում էի, պատճառը միայն ընդունակությունս էր: Հիմա եմ հասկանում, որ ես շատ հեռու էի սովորելուց: Դե ... համարենք այդպես ստացվեց: Միևնույնն է լուծում չկա սրան, քանի որ անցավ:
   Անցան ... Էլ չեն վերադառնա...Մնում է միայն հիշել ու ժպտալ: Անցան հայացքները, որոնք երբեք չեմ մոռանա, անցան աչքերը, որոնց ինչքան էլ փնտրեմ, չեմ գտնի, անցան ժպիտները, անցան կրքերը...Անցան նաև մարդիկ ու չմարդիկ...Անցան:
   Այս քսան տարիների համար ես ընդամենը երկու հոգու եմ պարտական: Որ մի հատ ոսկե ձկնիկ բռնեմ մի ցանկություն կասեմ՝ տեսնեմ ծնողներիս քսան տարի առաջ:  Տասնինը տարեկան , ու արդեն ծնող: Ես չէի կարող: Միայն թեկուզ այդ տարիքում իմ նման բեռի տակ մտնելու համար շնորհակալ եմ ծնողներիս: Սենց դուխով գրում եմ, բայց իրականում ոչ մի կերպ չեմ կարողանում ծողներիս ո՛չ երախտապարտ լինելս ցույց տամ, ո՛չ զգացմունքներս, ո՛չ էլ ... ԷԷհհհ: Այ տենց <<դուռակի>> մեկը դուրս եկա: Ու այսքան ժամանակ իմ մտքով չի անցել իմ ծննդյան օրը մորս շնորհավորեմ: Չէ որ այս օրը իր համար էլ է տոն : Դու իմ հետ էիր դեռ իմ ծնվելուց առաջ: Շնորհավոր մամ ջան: Չգիտեմ ՝մյուսների մոտ նույնն վիճակն է, թե՝ ոչ, բայց հորս հետ հարաբերություններում ես էմոցիաներից ամբողջովին զուրկ եմ: Ու կարծում եմ դա թաքուն ավելի մեծ հարգանքից ու սիրուց ա: Պապ ջան շնորհավոր:
   Հիշողություններ, հիշողություններ ու նորից հիշողություններ:
   Անցան ... Էլ չեն վերադառնա...Մնում է միայն հիշել ու ժպտալ:
   

Monday, June 6, 2011

Համբուր, համբույր մինչև վերջ

   Համբույրը մարդու՝ շուրթերով հպումն է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին, որի նպատակն է էմոցիաների արտահայտումը կամ սեռական ակտի ժամանակ գրգռվածություն առաջացնելը: Հաճախ այն ուղեկցվում է գրկախառնությամբ: Համբույրը հիմնականում արտահայտում է սիրո զգացումը: Տարբերվում են համբույրի կեղծ և անկեղծ տեսակներ: Կեղծ համբույրներից մեզ հայտնի է <<Հուդայի համբույրը>> :
   Էմոցիոնալ համբույրները կարող են ուղղված լինել ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին և անշունչ առարկաներին: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին նշանակությունը: Օրինակ՝ հողը համբուրելը արտահայտում է երկար սպասված վայր ժամանելու հետ կապված ուրախությունը: Հայրենի հողը համբուրելը արտահայտում է սերը և հավատարմությունը հայրենիքի հանդեպ:
   Ըստ զգացմունքների արտահայտման բնույթի համբույրները լինում են.


  • Սիրային համբույր - արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումները: Սա իր հերթին կարելի է բաժանել  քնքուշ և կրքոտ համբույրների: Առաջինը բնութագրվում է շուրթերի համեմատաբար կարճ ժամանակով հպումը, իսկ կրքոտի դեպքում ՝հակառակը (ստեղ էն ֆրանցուզկիի մասին ա խոսքը նաև, դե դրա մասին էլ ինձնից լավ կիմանաք :-D
  • Ընկերական համբույր - արտահայտում է ընկերության և կապվածության զգացումը (ոնց որ ասում են պաչիկով բարևն ա ): Ավելի հաճախ համբուրում են այտը, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչներին՝ (այստեղ՝ միայն կանանց) նաև ձեռքը: Վերջինիս ժամանակ շուրթերի հպումը պարտադիր չէ:
  • Հարգանքի համբույր - արտահայտում է մարդու նկատմամբ հարգանքի զգացումը, նաև մարդու կամ իրի առաջ խոնարհվելուց: Այս դեպքում համբուրում են ձեռքը կամ մատանին: Այստեղ ևս շուրթերի հպումը պարտադիր չէ:
  • Գորովալից համբույր - արտահայտում է գորով, քնքշություն և ուրախություն: Ավելի հաճախ ուղղված է փոքր երեխաներին և կենդանիներին: Այս դեպքում հազվադեպ են համբուրում շուրթերը: Երեխաներին համբուրում են այտերը, քիթը (ավելի ճիշտ քիթիկը) և ճակատը: Հաճախ հպվում են ոչ թե շուրթերը, այլ այտը (մանավանդ կենդանիներին համբուրելուց):
  • Отцовский/сыновний/братский համբույր - (հայերեն լավ չի հնչում) - արտահայտում է ընտանիքի անդամների միջև կապվածությունը: 
  • Օդային համբույր - սիրային և ընկերական համբույրների տարատեսակներից է: Նշանակում է ուշադրություն կամ ֆլիրտ:
  • Հուդայի համբույր - արտահայտում է ցուցադրական կապվածություն և հարգանք:
   Կա կարծիք, որ համբույրի առաջացման շրջանում այն կրել է մայրական նշանակություն: Այդ ժամանակ ջրի անոթների կարիք չի զգացվել: Տարեց մարդիկ խմել են հենց աղբյուրից, իսկ  երեխաները՝ մոր բերանից:
  Համբույրի միջազգային օրն առաջացել է Մեծ Բրիտանիայում , իսկ այժմ նշվում է նաև մեր երկրում :
  Շնորհավորում եմ բոլորին , հատկապես սիրահարներին: Ժլատ մի եղեք ձեր սիրելիներին համբուրելուց:

Friday, June 3, 2011

Աչքեր

  Անցյալը ներկայի ուսուցիչն ու խորհրդատուն է, ապագայի հիմքը: Առանց անցյալի ապագա ստեղծելը մի փոքր դժվար է, կամ նույնիսկ անհնար: Անցյալիս պարզ դեմքեր, հստակ մտքեր, խոսուն երազներ, որոնց մի մասն արդեն ներկա է, մի մասը, ցավոք, մնաց անցյալում, մյուսներին էլ կհանդիպեմ ապագայում : Սրանց մեջ աստվածային էին ու մինչև հիմա պարզ ու հստակ քո աչքերը:
  Զույգ կանաչ աչքեր, ու նորից անցյալիս հիշեցում...
  Ներկայից հստակ անցյալ, ներկայից իրական աչքեր...քո կանաչ աչքերը:
  Սիրում եմ քեզ թեկուզ աչքերիդ համար, թեկուզ նրանցում տեղ գտած մտքերի, խոհերի, կյանքի ու երազների համար: Անցյալ, որտեղ ոչ ափսոսանք կա, ոչ տխրություն: Անցյալ, որտեղ ես իսկապես ապրել եմ : Աչքեր, որ տեսել եմ քեզ` ամբողջովին, աչքեր, որ տեսել եմ ինձ, ճանաչել ինքս ինձ: Ավելին էր, քան ներկան...
  Սիրում եմ աչքերդ, թեկուզ միայն նրա համար, որ քոնն են: Չեմ հիշում խոսքերդ, չեմ հիշում ձայնդ, հիշում եմ միայն խակ կանաչ աչքերդ: Չեմ տեսել ավելի խոսուն, ավելի զգայուն աչքեր: Երջանիկ են աչքերս, որ տեսել են քեզ, որ զրուցել են աչքերիդ հետ:
  Չեմ մոռանա...Չեմ էլ կարող...
  Զույգ կանաչ աչքեր ու նորից անցյալիս հիշեցում:

Saturday, May 28, 2011

Առավոտ

   Բարի լույս: Արթնացել եմ քո քունը հսկելու մինչ լուսաբաց: Արթնացել եմ, որ Քո լուսաբացը դիմավորեմ, որ աչքերիդ այսօրվա առաջնեկ փայլը վայելեմ, ժպիտդ տեսնեմ, որ այսօր էլ երջանիկ լինեմ: Սպասում եմ քնաթաթախ քո "բարի լույս սիրելիս" ին :
    Նայում եմ քեզ, բայց տեսնում եմ մեզ: Ինձ ևս տեսնում եմ, քանի որ մենք երեքով ենք` Դու, Ես և Մեզ կապող ուժն ու երջանկությունը: Այդ աչքերով եմ հիմա ճանաչում մեզ :Մարդիկ նրա անունը սեր են դրել: Հիշում ես` մենք այլ կերպ էինք կոչում, մինչև հասանք լռության: Մենք երկուսս էլ ճանաչեցինք նրան և կարիք չունեինք անուններ դնել, քանի որ նա միակն է այս աշխարհում: 
   Արևն արդեն մեզ է սպասում: Նա ևս գիտի մեր մասին և չի խնայում իր փայլը մեր ննջարանի համար: Երկրի արևն արթնացել է , իսկ իմը` ոչ: Բայց միևնույնն է չեմ փոխի քեզ ոչ մի ուրիշ արևի հետ : 
   Չեմ ուզում քունդ խանգարել , բայց և չեմ կարող երկար սպասել: Արդեն անհամբեր եմ: 
   Ժպիտ... Շուրթերիդ փայլ... Հստակ, խոսուն, երջանիկ աչքեր... Քեզ էի սպասում.
   -Բարի լույս սիրելիս...

Monday, May 23, 2011

Հայացք

   Բարև: Նորից քեզ հետ եմ խոսում: Չէ, միայն քեզ հետ: Պատասխանը մեկն է ` հայացք: Վերջ: Անվե՜րջ հայացք: Երկու անգամ եմ տեսել այդ հայացքդ: Մեկը` տեսիլք, մյուսը` ... Երկրորդի համար դժվար է բառ գտնել: Դողացող - դողացնող, խելագար - խելագարության հասցնող, ընդամենը մեկ վարկյան - հավետ աչքերիս առաջ, սիրտ տվող, բայց և անսիրտ աչքերով...Լուռ էր, սակայն տեսա մեծ փոթորիկ: Դադարել ես խոսել...Ոչինչ, քո տեղը հայացքդ է խոսում :
   Կքայլեմ այլևս հայացք ման գալով... Միգուցե գտնեմ նման մի հավերժ կյանք, միգուցե տեսնեմ ավելին, քան տեսա, միգուցե գտնեմ բանալին : Ներս մտնեմ հայացքիցդ այն կողմ, տեսնեմ քեզ` ինչպես դու քեզ հայելում :
   Չես ժպտում: Չէի հասկանում ` ինչու: Փոթորկի ժամանակ ժպիտ... Նայում եմ ինձ... Ես էլ չեմ ժպտում: Ոզում եմ լիաթոք հրճվել... Քեզ հետ... Վաղուց էր ... Քո ծիծաղն էլ եմ մոռացել, իմն էլ:
   Կյանքը ծիծաղելի է, կտեսնեմ տեսիլքիս հայացքդ: Կբռնեմ ու բաց չեմ թողնի... որ ապրեմ:

Tuesday, May 17, 2011

Ապրում եմ

   Ձեռքումս գրիչ է: Սրտումս էլ տեղ չկա: Արյունս թանաք է դարձել: Չեմ ոգեշնչվում, հուսախաբ չեմ լինում, բայց չեմ էլ հուսում: Հոգիս հոգումդ է: Սիրտդ սրտումս է: Դու էլ մտքումս ես: Միտք... Ամբողջովին դարձել եմ միտք: Նայում եմ շուրջս, բայց չեմ տեսնում, դառնում եմ համակ ուշադրություն և չեմ լսում: Հպվում եմ, քայլում, արբում... և չեմ զգում:
   Բայց ապրում եմ... որովհետև քեզ եմ տեսնում, երբ նույնիսկ կողքիս չես, խոսում եմ քեզ հետ, երբ արցունքներս են ինձ պատասխանում, զգում եմ քեզ...սրտումս ես: Սիրտս է զարկում, բայց էլի քո ձայնն է : Դու ես ` կատարյալ:
   Ապրում եմ , քանի դեռ աղոթում եմ քեզ: Կարծում էի ` աթեիստ եմ : Դարձա կրոնավոր ամբողջ էությամբ: Տաճարիդ վարդապետն եմ:
   Տեսնում եմ, լսում եմ, զգում եմ ...Ապրում եմ...

Monday, May 9, 2011

Չեմ ուզում նայեմ նկարիդ

   Չեմ ուզում նայեմ նկարիդ... Ահավոր ես: Մի պահ ահավոր լավը, մի պահ ...: Ոմանք ասում են նկարներումդ սառն ես : Ես կասեմ ` էությունդ էլ է սառը:  Կեղծ ես...Գիտեմ ինչու, բայց միևնույնն է չես հասկանա, ինչպես չհասկացար և ոչ մի տառս: Դա պարզապես դու չես, դուրդ չեկար սպիտակ, պարզ ժամանակ: Գերեցին քեզ այլ գույները: Պարզ էիր, դարձար հասարակ: Հոգիտ, միտքդ լցվեց...Սկսեցիր հասկանալ ինչ-որ բաներ: Լցվեց նրանով, ինչի պակասն ունեիր: Բայց... Չհետևեցիր...Քանզի չէիր ճանաչում իրականը, տարվեցիր կեղծիքով: Բավարարվեցիր դրանով:
   Չեմ ուզում նայեմ նկարիդ...Խելագարվում եմ:  Հեքիաթ ես դու...Չկաս...Քեզ ես եմ ստեղծել և պաշտում եմ, ինչպես պաշտում են անգո կուռքերին: Վախենում եմ, դողում: Ախր դու եղել ես... Ու՞ր ես հիմա: Ինչու՞ լքեցիր...Քեզ: Լուռ ես... Միշտ...
   Ինքդ կապեցիր աչքերդ, Միայն ինքդ կարող ես արձակել կապերը: Փորձեցի արձակել, կներես... ավելի պինդ կապեցիր:

Tuesday, May 3, 2011

Ուռռաա՜ մարդ ա մեռել

   Խնդրում եմ մակերեսորեն չհասկանալ:
   Ամբողջ մոլորակով բառացի տոնում ենք մարդասպանությունը: Ուրախանում ենք մի բանով, որը սովորաբար ծիծաղի փոխարեն տխրությամբ էր ուղեկցվում:
   - Բայց չէ որ Ոսամա բեն Լադենը այդքան մարդկանց կյանք է խլել, չէ որ նա աշխարհի համար առաջին ահաբեկիչն էր: Նա բոլորի թշնամին էր:
   Պատերազմական գործողություններում իր հայրենիքը պաշտպանելուց մարդ ստիպված է լինում սպանել թշնամիներին: Բայց... Տոնում են հաղթանակը, ոչ թե մահը: Արդյունքում տուժում են ոչ թե բենլադենները, այլ մարդը, նրա հոգին, քարանում է նրա սիրտը:

  Արժե գոնե մի փոքր մտածել. գոյություն ունե՞ր, արդյոք, բեն Լադեն ահաբեկիչ:
  Առաջարկում եմ դիտել այս ֆիլմը, մնացածը ինքներդ կդատեք   Wag The Dog

Thursday, April 28, 2011

Մայր...Մա՞յր



   Վերաբերում է քեզ, ո՜վ հայոց ապագա մայր:
   Ողջունում եմ քեզ, եթե ավարտին զգաս, որ քեզ ընդհանրապես չի վերաբերում գրառումս:

   Մարդուն կյանք տրվելուց այն կառավարելու իրավունք էլ է տրվում: Բայց... Մոռացել ենք, կուրացել... Արժանի չես քեզ տրված կյանքին, եթե չունես պատասխանատվություն: Լավ գիտես` չկա իրավունք առանց պարտավորության: Ու՞ր ես գնում: Եվրոպա՞: Ազատ մտածելակե՞րպ: Որովհետև բոլորն ե՞ն դա ուզում: Ծանո՞թ բառեր են - բարոյականություն, առաքինություն: Ինքդ դարձել ես ինքնահաստատման ու տարբերվելու ցանկության գերին, դու ինչպե՞ս կարող ես քեզ ազատ մարդ համարել: Ինքնախաբեություն...Մեր մեջ ասած լավ էլ ստացվում ա մոտդ:
   Մոռացել ենք...Կուրացել...
   Բարոյականություն արժեքն այնքան է նեղացել, որ ասոցացվում է զուտ սեռական հարաբերություններին կամ դրա բացակայությանը: Էլ չեմ խոսում առաքինության մասին: Շատերը երևի այդ բառին հոմանիշներ սովորելուց են ծանոթացել: Ամեն երկրորդն իր գլխավոր խնդիրն է համարում իր կարողության չափով նպաստի մեր երկրում ազատ ապրելու ու մտածելու կարգերի հաստատմանը: Ինչպես ասում են <<ով էլ չի կարողանում բարձրաձայնի, տակից ա իրանն անում>>: Գռեհիկ է , զզվելի:
   Ո՞րն է այսօրվա ակտուալ թեման: Կուսություն, ամուսնություն, ու ամենակարևորը` դրանց պատճառահետևանքային կապերը: <<Ազատ աղջիկ>> ջան ինչու՞ է այս թեման այսօր այսքան տարածված : Փորձիր տրամաբանել: Արական սեռից այս թեման չէր սկսի...Դու ազատ չես: Ինչու՞ է դրանց մասին ընդհանրապես խոսվում: Մեղմ ասած անպարկեշտ թեմա է : Քեզ ի՞նչ, թե կողքինդ ինչպես է մտածում: Դա ամեն մեկի անհատական ու փակ խնդիրն է : Միևնույնն է նմանը նմանին է գտնում:
   Մոռացել ենք...Կուրացել...
   Որպես խոսքիս ավարտ` մտածիր քեզնից Նժդեհ, Անդրանիկ, Մաշտոց, Սևակ, Թումանյան կծնվի՞: Հիշիր, որ դու էլ ես մայր դառնալու...Ինչ-որ մեկի համար սուրբ ես լինելու:

Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ

Ավետիք Իսահակյան
Առաջարկում եմ լսել` Հայոց Մայրեր
                                       Հայ աղջիկ

Monday, April 25, 2011

Երազ

   Կյանքում ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Բաներ կան , որոնք` շատերի կարծիքով ցավոք սրտի միայն երազներում են լինում: Բայց միթե քաղցր չի նույն այդ չիրականացած երազը, միթե դա միակներից մեկը չէ, որ բացառապես քոնն է: Մոռացել ես, որ լինում են, երբ ամեն ինչ կտայիր գոնե մի անգամ էլ տեսնես այդ նույն երազը. ոչինչ չփոխես, պարզապես վայելես այդ վայրկյանները: Ուժեղ  չես գտնում քեզ, երբ արթնանում ես ու տեսնում, որ կարողացել ես տանել այդ գերմարդկային բեռը: Քանի անգամ ես երազներումդ լուծել այն ինչ օրերով կամ շաբաթներով անլուծելի էր իրական կյանքում...Որովհետև դա երազ էր...
   Այս ամենից հետո դու դեռ համաձայն ես , կամ ուզում ես երազներդ ու իրականությունդ դարձնես մեկ ամբողջություն? Ես ` ոչ: Երազը թող մնա երազ, իրականությունն` իրականություն: Մեկ-մեկ ինձ նույնիսկ թվում է, թե ես այնքան շատ եմ երազ տեսնում , որ երկու կյանք եմ ապրում: Միայն <<ափսոս>> այնտեղի հերոսները կյանքից են:
   Արդ` երազներդ թող քեզ վայելքներ տան, իրականում էլ փորձիր դու դա անես:

Ամեն ինչ այնքան հստակ էր...իրականությունից ռեալ... անվերջ կքնեի նորից մեզ տեսնելու համար...