Showing posts with label հիշողություն. Show all posts
Showing posts with label հիշողություն. Show all posts

Wednesday, December 21, 2011

Չորացած արցունքներ

   Սիրում ես մեկին, ապրում ես նրանով, նրա հետ, նրա համար, և այսպես մինչև...սիրում ես մյուսին, ապրում ես նրանով, նրա հետ ու նորից նրա համար: Աջուձախ <<սեր>> բառի բացատրություններ ու չբացատրություններ /հիմա մոդայիկը սերն անճանաչելի երևույթ համարելն է/:  Էս ամեն ինչից սիրտդ մի քանի բան տեսավ: Տեսավ մի քիչ սեր, մի քիչ կարոտ, հուզումներ, լաց, ուրախություն,...և վերջում՝ մի անկյունում կոպտացող հառաչներ:
   Մեկ երջանիկներն են միանգամից գտնում իրար, մեկ էլ հիմարները:
   Տարվա եղանակների նման փոփոխվող հայացքների, ձայների, աչքերի ու ժպիտների մեջ մի ամբողջություն ես փնտրում , որ չորսն էլ ունենաս: Աշունն առանց ամառոտ սեպտեմբերի ու ձմռան շնչի չի լինում: Այսպես էլ մյուսների մեջ: Փոխվում են հերթով եղանակները, փոխվում են ծիծաղները, նվիրվող վարդերը, սիրելի անկյունները, ֆիլմերն ու երգերը, սիրած-չսիրած բառերը, տառերն ու հնչյունները: Ու աննկատ դու էլ դարձար մի խառնաշփոթ, մի աղմուկ, վայրագ մտքերի փոթորիկ, ինքդ քեզ չհասկացող ու տարօրինակ: Բայց...սիրել ես:
   Կոկորդի զսպված մաղձը փոխարինելու է գալիս անդադար արցունքներիդ: Անձայն, մեջդ պայթող հառաչ, անտարբերություն ու վերջում խելագարություն:
   Մի փոքր հանգիստ...Չէ՛ չի օգնի: Նոթատետրից դուրս եկած մարդկանց անուններ, հիշողություններ ու երգեր...Չէ՛, չի օգնի:

Thursday, October 6, 2011

Մի կտոր հուշ քեզանից

   Այսօր հուշերի օր է:
   Ափսոս, քեզ միայն հուշերումս եմ գտնում: Ավաղ, քեզ միայն սրտիս աչքերն են տեսնում: Այդպես էլ չնվիրեցիր օծանելիքդ, որ հիմա գոնե բույրդ զգայի:
   Հետաքրքիր էր մեր ամեն վայրկյանը, չնայած ընդամենը մի երկու անգամ հանդիպեցինք, մի քանի րոպե զգացի շունչդ:
   Քեզանով եմ ինձ այդ տարիներին հիշում: Քո խոսքերն են ինձ նկարագրում, քո բառերով եմ ինձ նայում: Հիշում եմ քեզ հետ խոսելուց հաճախ ժպտալս, որը այդպես էլ հետ չեկավ քեզանից հետո: Հիշում եմ զանգերից հետո մինչև լուսաբաց ձգվող նամակները: Հիշում եմ քնկոտությունս ու դրա պատճառով մեր վեճերը: Իսկ հիմա հիշելուց մի ինչ-որ աստվածային զգացումով է սիրտս լցվում:
   Քեզանով եմ սիրել սովորել, քեզանով եմ սիրվելը ճանաչել: Քեզ համար եմ առաջին անգամ իսկական քաջությունը զգացել: Զանգեցի ընկերոջս.
 - Բարև **** ջան: Հիմա նենց տեղ եմ գնում, որ հնարավորա չկարողանամ վերադառնամ: Մի երկու ժամից եթե չզանգեմ կգաք հետևիցս: Ես *** կլինեմ :
   Հիմա ժպտալով եմ հիշում, նույնիսկ հպարտությամբ, որ քեզ հանդիպել եմ: Եթե նույնիսկ այս կյանքում ոչնչի չհասնեմ, չզգամ կյանքի շատ քաղցրություններ, միևնույն է չեմ տխրի: Ես Քեզ եմ ունեցել: Միգուցե կյանքը ինձ նվեր անի և մի անգամ էլ տեսնեմ, էլ չեմ թողնի որ հեռանաս: Կհիշեմ քեզ, ինչպես հիմա եմ հիշում: Կհիշեմ մեզ ինչպես երազում էի: Կհիշեմ մեր ապագան, որ երազում էինք: Կհիշեմ այն աղջկան, որին ցանկանում էինք ծնունդ տալ: Մինչև հիմա ամեն անգամ երեխայի սեռի մասին կարծիքներ կամ զրույցներ լսելիս քեզ եմ միայն հիշում ու այն աղջկան, որ այդպես էլ չծնվեց: Առաջին անգամ աղջիկ երեխա ցանկացա. վախենում էի որ առանց քեզ չէի կարողանա ապրել: Նա քեզ էր հիշացնելու: Նրա աչքերը քո աչքերն էին լինելու: Բայց...Ավաղ...Մնացել եմ մենակ, մնացել եմ հուշերիս հետ:
   Հավերժության համբույր եմ ուղարկում քեզ: Գիտեմ՝ խոսքերս ինչ-որ կերպ կզգաս, գիտեմ՝ ինչ-որ հեռվում նստած հիմա դու էլ ես ինձ հիշում:

Wednesday, June 15, 2011

Շնորհավոր... Եվս մեկ տարով մոտեցա


   Բարև: Մի փոքր անհամեստ գրառում կլինի, քանի որ հայտնվելու եմ ուշադրության կենտրոնում, ինչը, մեղմ ասած, չեմ սիրում:
   Շնորհավոր ծնունդս: Այո՛ իմ ծնունդը: Քսան տարեկան: Ավարտվեց իմ ամենասիրելի տարիքը, բայց ասում են քսանն էլ վատը չի : Համենայն դեպս չեմ ողբում կորուստս: Միևնույնն է՝ բոլորս ենք <<շտապում>> այնտեղ, որտեղ կամ բուրմունք կա, կամ էլ չկա: Հիշում եմ երեկ չէ առաջին օրն էր ծաղկեփունջը ձեռքիս հանդիպեցի առաջին ուսուցչուհուս: Քչերից է, որի մոտ չնայած երկու տարի եմ պատիվ ունեցել ուսանել , հարգանքով, սիրով ու բարձրաձայն կարող եմ ուսուցիչ անվանել: Երեկ էր՝ դպրոցն ավարտեցի ու ընդունվեցի համալսարան: Այսօր արդեն երրորդ կուրսն եմ ավարտում: Մի տեսակ չեմ կարողանում հասկանալ կյանքի արագությունը: Իմ մանկությունն էլ շատերի նման անցել է <<մութ ու ցուրտ>> տարիներին, այդ պատճառով հիշում եմ ավելի շատ թախիծ, քան ուրախություն: Չնայած այդ ժամանակների ժպիտն ուրիշ էր, ուրախությունն ուրիշ էր, գոհությունն ուրիշ էր: Միգուցե մանկության տարիներն էին պատճառը այդ աչքերի: Պատանեկությունից հիշում եմ միայն, որ դաս էի սովորում: Չէ՛ <<կռծողների>> դասից չէի: Ցավոք սրտի: Հիմա որ նայում եմ, թե իբր սովորում էի, պատճառը միայն ընդունակությունս էր: Հիմա եմ հասկանում, որ ես շատ հեռու էի սովորելուց: Դե ... համարենք այդպես ստացվեց: Միևնույնն է լուծում չկա սրան, քանի որ անցավ:
   Անցան ... Էլ չեն վերադառնա...Մնում է միայն հիշել ու ժպտալ: Անցան հայացքները, որոնք երբեք չեմ մոռանա, անցան աչքերը, որոնց ինչքան էլ փնտրեմ, չեմ գտնի, անցան ժպիտները, անցան կրքերը...Անցան նաև մարդիկ ու չմարդիկ...Անցան:
   Այս քսան տարիների համար ես ընդամենը երկու հոգու եմ պարտական: Որ մի հատ ոսկե ձկնիկ բռնեմ մի ցանկություն կասեմ՝ տեսնեմ ծնողներիս քսան տարի առաջ:  Տասնինը տարեկան , ու արդեն ծնող: Ես չէի կարող: Միայն թեկուզ այդ տարիքում իմ նման բեռի տակ մտնելու համար շնորհակալ եմ ծնողներիս: Սենց դուխով գրում եմ, բայց իրականում ոչ մի կերպ չեմ կարողանում ծողներիս ո՛չ երախտապարտ լինելս ցույց տամ, ո՛չ զգացմունքներս, ո՛չ էլ ... ԷԷհհհ: Այ տենց <<դուռակի>> մեկը դուրս եկա: Ու այսքան ժամանակ իմ մտքով չի անցել իմ ծննդյան օրը մորս շնորհավորեմ: Չէ որ այս օրը իր համար էլ է տոն : Դու իմ հետ էիր դեռ իմ ծնվելուց առաջ: Շնորհավոր մամ ջան: Չգիտեմ ՝մյուսների մոտ նույնն վիճակն է, թե՝ ոչ, բայց հորս հետ հարաբերություններում ես էմոցիաներից ամբողջովին զուրկ եմ: Ու կարծում եմ դա թաքուն ավելի մեծ հարգանքից ու սիրուց ա: Պապ ջան շնորհավոր:
   Հիշողություններ, հիշողություններ ու նորից հիշողություններ:
   Անցան ... Էլ չեն վերադառնա...Մնում է միայն հիշել ու ժպտալ: