Sunday, August 21, 2011

Տարիներ հետո

   Անվերջ վեճի մեջ եմ սրտիս հետ, հավատս կորցրած տատրակի նման աջուձախ անում, պատեպատ եմ ինձ տալիս: Էլ ընկերը չեմ սրտիս: Չգիտեմ ինչպես պատասխանեմ նրա հարցերին: Իսկ նա՞: Նա այլևս լքում է ինձ: Ապրում է ինձանում, լսում եմ նրա զարկերը, բայց կարծես քնի մեջ լինենք և՛ նա, և՛ ես: Ինչու՞ չեն դողում սրտիս զարկերը: Ինչու՞ նա զարկում է միայն իմ կյանքը խնայելով:
   Այսպես չի մնա: Կշնչի նորից իմ սիրտը... թեկուզ մի ակնթարթ: Կճչա նորից մանուկի պես: Ափսոս անվերջ է այդ սպասումը:
   Տարիներ կանցնեն, անքուն գիշերներ կլուսանան, նոր աստղեր կծնվեն ու հին երգերը կմոռացվեն: Կլցվի դատարկությունը... թեկուզ մի ակնթարթ: Կփոխվի մեր այգու բույրը, կփոխվի կանաչի գույնը, կսառեն զարմացած մեզ նայող հայացքները:
   Տարիներ հետո մենք կհանդիպենք: Երազներ հետո մենք էլ կփոխվենք: Գուցե հիշես աչքերս ու մի պահ չխնայես հայացքդ: Գուցե նորից այրվի սիրտս, գուցե մի լուռ վայրկյան էլ լսվի միայն նրա ձայնը:
   Գարուններ հետո մենք կհանդիպենք: Ու նորից կզգամ չմոռացված քո բույրը: Մեկ անգամ էլ կփայլեն աչքերս:
   Գուցե ժպտաս, գուցե բարևես:
   Գուցե ժպտամ, գուցե գրկեմ:
   Գուցե մատներս արթնանան վարսերիդ փայլից:
   Գուցե լցվեն աչքերս անսովոր ցրտից:
   Իսկ գուցե տեսնես ինձ որպես անծանոթ, որպես մի խելագար անցորդ: