Showing posts with label գույն. Show all posts
Showing posts with label գույն. Show all posts

Sunday, August 21, 2011

Տարիներ հետո

   Անվերջ վեճի մեջ եմ սրտիս հետ, հավատս կորցրած տատրակի նման աջուձախ անում, պատեպատ եմ ինձ տալիս: Էլ ընկերը չեմ սրտիս: Չգիտեմ ինչպես պատասխանեմ նրա հարցերին: Իսկ նա՞: Նա այլևս լքում է ինձ: Ապրում է ինձանում, լսում եմ նրա զարկերը, բայց կարծես քնի մեջ լինենք և՛ նա, և՛ ես: Ինչու՞ չեն դողում սրտիս զարկերը: Ինչու՞ նա զարկում է միայն իմ կյանքը խնայելով:
   Այսպես չի մնա: Կշնչի նորից իմ սիրտը... թեկուզ մի ակնթարթ: Կճչա նորից մանուկի պես: Ափսոս անվերջ է այդ սպասումը:
   Տարիներ կանցնեն, անքուն գիշերներ կլուսանան, նոր աստղեր կծնվեն ու հին երգերը կմոռացվեն: Կլցվի դատարկությունը... թեկուզ մի ակնթարթ: Կփոխվի մեր այգու բույրը, կփոխվի կանաչի գույնը, կսառեն զարմացած մեզ նայող հայացքները:
   Տարիներ հետո մենք կհանդիպենք: Երազներ հետո մենք էլ կփոխվենք: Գուցե հիշես աչքերս ու մի պահ չխնայես հայացքդ: Գուցե նորից այրվի սիրտս, գուցե մի լուռ վայրկյան էլ լսվի միայն նրա ձայնը:
   Գարուններ հետո մենք կհանդիպենք: Ու նորից կզգամ չմոռացված քո բույրը: Մեկ անգամ էլ կփայլեն աչքերս:
   Գուցե ժպտաս, գուցե բարևես:
   Գուցե ժպտամ, գուցե գրկեմ:
   Գուցե մատներս արթնանան վարսերիդ փայլից:
   Գուցե լցվեն աչքերս անսովոր ցրտից:
   Իսկ գուցե տեսնես ինձ որպես անծանոթ, որպես մի խելագար անցորդ:

Monday, July 11, 2011

Միստիկա

   Միստիկա...Ստիպեցիր մտածել...մտածել անիրականի, աներևույթ ու անգո երևույթի մասին...մտածել միստիկայի մասին: Միտքս այդքան պայծառ չէր հասկանալու համար, սիրտս այդքան խելացի չէր քեզ ըմբռնելու համար:
   Միստիկա: Երևույթ, ինչի մասին չդադարեց ուղեղս մտածել քեզնից, քո՝ այդ բառն արտասանելուց հետո: Հարազատ էիր, մտերիմ, ավելին՝ սկսում էի քեզ կարոտել, ձայնդ էի փնտրում, աչքերիդ մեկ ակնթարթն էի ուզում ճանաչել: Գերել էիր ինձ իմ ստեղծած կապանքներով: Հետաքրքիր է չէ՞,թէ դու ինչ կապ ունես միստիկայի հետ: Ես ևս կապը չէի նկատել: Ես արդեն սկսում եմ չհավատալ այս աշխարհին: Չհավատալ, որ կյանք կա, որ արյունը դեռ հոսում է մարդկանց երակներում: Բնությունն է երևի ռեալ միայն, իսկ մնացածը...Մի՞թե ես էի քեզ հորինել: Մի՞թե դու իմ երևակայությունում ես ապրել: Մի՞թե կարող եմ ես այդքան կատարյալ, այդքան գեղեցիկ ստեղծագործության հեղինակ լինել: Երևի իմ շուրջն ամեն բան ես եմ ստեղծում, երևի խնդիրների, լուծումների, զգացողությունների ու հուզումների կերտողը ես եմ: Երազներս արդեն ավելի իրական են: Կյանքի գույները մշուշով են պատվել: Չեմ տարբերում ոչինչ ու ոչ մեկի: Ամենն արդեն մի պատկերով եմ տեսնում...Կամ էլ նույնիսկ չեմ տեսնում...
   Փնտրում էի միստիկա, գտա քեզ: Թե՞ հակառակը: Չգիտեմ...