Showing posts with label հայացք. Show all posts
Showing posts with label հայացք. Show all posts

Wednesday, December 21, 2011

Չորացած արցունքներ

   Սիրում ես մեկին, ապրում ես նրանով, նրա հետ, նրա համար, և այսպես մինչև...սիրում ես մյուսին, ապրում ես նրանով, նրա հետ ու նորից նրա համար: Աջուձախ <<սեր>> բառի բացատրություններ ու չբացատրություններ /հիմա մոդայիկը սերն անճանաչելի երևույթ համարելն է/:  Էս ամեն ինչից սիրտդ մի քանի բան տեսավ: Տեսավ մի քիչ սեր, մի քիչ կարոտ, հուզումներ, լաց, ուրախություն,...և վերջում՝ մի անկյունում կոպտացող հառաչներ:
   Մեկ երջանիկներն են միանգամից գտնում իրար, մեկ էլ հիմարները:
   Տարվա եղանակների նման փոփոխվող հայացքների, ձայների, աչքերի ու ժպիտների մեջ մի ամբողջություն ես փնտրում , որ չորսն էլ ունենաս: Աշունն առանց ամառոտ սեպտեմբերի ու ձմռան շնչի չի լինում: Այսպես էլ մյուսների մեջ: Փոխվում են հերթով եղանակները, փոխվում են ծիծաղները, նվիրվող վարդերը, սիրելի անկյունները, ֆիլմերն ու երգերը, սիրած-չսիրած բառերը, տառերն ու հնչյունները: Ու աննկատ դու էլ դարձար մի խառնաշփոթ, մի աղմուկ, վայրագ մտքերի փոթորիկ, ինքդ քեզ չհասկացող ու տարօրինակ: Բայց...սիրել ես:
   Կոկորդի զսպված մաղձը փոխարինելու է գալիս անդադար արցունքներիդ: Անձայն, մեջդ պայթող հառաչ, անտարբերություն ու վերջում խելագարություն:
   Մի փոքր հանգիստ...Չէ՛ չի օգնի: Նոթատետրից դուրս եկած մարդկանց անուններ, հիշողություններ ու երգեր...Չէ՛, չի օգնի:

Sunday, August 21, 2011

Տարիներ հետո

   Անվերջ վեճի մեջ եմ սրտիս հետ, հավատս կորցրած տատրակի նման աջուձախ անում, պատեպատ եմ ինձ տալիս: Էլ ընկերը չեմ սրտիս: Չգիտեմ ինչպես պատասխանեմ նրա հարցերին: Իսկ նա՞: Նա այլևս լքում է ինձ: Ապրում է ինձանում, լսում եմ նրա զարկերը, բայց կարծես քնի մեջ լինենք և՛ նա, և՛ ես: Ինչու՞ չեն դողում սրտիս զարկերը: Ինչու՞ նա զարկում է միայն իմ կյանքը խնայելով:
   Այսպես չի մնա: Կշնչի նորից իմ սիրտը... թեկուզ մի ակնթարթ: Կճչա նորից մանուկի պես: Ափսոս անվերջ է այդ սպասումը:
   Տարիներ կանցնեն, անքուն գիշերներ կլուսանան, նոր աստղեր կծնվեն ու հին երգերը կմոռացվեն: Կլցվի դատարկությունը... թեկուզ մի ակնթարթ: Կփոխվի մեր այգու բույրը, կփոխվի կանաչի գույնը, կսառեն զարմացած մեզ նայող հայացքները:
   Տարիներ հետո մենք կհանդիպենք: Երազներ հետո մենք էլ կփոխվենք: Գուցե հիշես աչքերս ու մի պահ չխնայես հայացքդ: Գուցե նորից այրվի սիրտս, գուցե մի լուռ վայրկյան էլ լսվի միայն նրա ձայնը:
   Գարուններ հետո մենք կհանդիպենք: Ու նորից կզգամ չմոռացված քո բույրը: Մեկ անգամ էլ կփայլեն աչքերս:
   Գուցե ժպտաս, գուցե բարևես:
   Գուցե ժպտամ, գուցե գրկեմ:
   Գուցե մատներս արթնանան վարսերիդ փայլից:
   Գուցե լցվեն աչքերս անսովոր ցրտից:
   Իսկ գուցե տեսնես ինձ որպես անծանոթ, որպես մի խելագար անցորդ: