Thursday, July 21, 2011

Մտքիս էջերից


   Մտածելու մասին շատ եմ մտածել, բայց այդքանը թղթին հանձնելը մի փոքր դժվար է: Ընդամենը մի տող միտք, որ արժե ինչպես գրել, այնպես էլ կարծում եմ կարդալ:
   Ապրում ենք...Ապրում ենք մեր ստեղծած կյանքում, ավելին՝ մեր ստեղծագործություններում: Մի փոքր մտորելուց հետո հասկանում եմ, որ կյանքը, ապրելաձևը, քաոսն ու լուռ ժամերը ավելին չեն, քան գիրքը, նրա ժանրը. հենց ստեղծագործական ժանրը: Ամենքս կարդում ենք մեր ընտրած, ինչպես նաև մեր գրած գիրքը: Կարդում ենք, բայց սա լոկ ընթերցանություն չէ: Գրքի ամեն տողը մենք տեսնում ենք, զգում, լսում ու ապրում: Տառերի մեծ մասը գրվել են մեր սրտի արյունով, մեր աչքերի արցունքներով: Ամենքս ունենք մեր նախընտրելի, նաև հաճախ միակ ժանրը: Շատերիս մոտ դա անփոփոխ է, մեր կարծիքով նաև անկախ մեր կամքից: Միգուցե այդպես չի իրականում, բայց մենք, միևնույնն է, մեր ժանրի գերին ենք դարձել:
   Կողքինի կյանքը, նրա ստեղծագործությունը, նրա գիրքը մեզ համար պարզապես պատմություն է, էպիզոտ: Մենք ենք ընտրում, թե ինչքանով հետաքրքրված կլինենք այդ պատմությունով, թե ինչքանով կձուլվի մեր գրքի էջերին: Դրանցից մեկինը հետաքրքիր է, երկրորդինը նման է մեր գրքին, երրորդինը՝ լինում է նաև անիմաստ: Լավատեսը, թեկուզ ապրելով ամենաբարդ գիրքը, չի լքում իր ժանրը: Չի լքում իր ժանրը նույնպես և հոռետեսը, թեկուզ և ապրելով ամենագեղեցիկը: Իսկ ռոմանտիկը, ինչ գիրք էլ աչքերի առաջ լինի, նա, միևնույնն է, ամենալավ ստեղծագործողն է. գրում է նույն կերպ, անկախ ժանրից:
   Մեր շուրջն ամեն բան գոյություն ունի միայն մեր ուղեղում: Ամեն վայրկյանի հեղինակը մենք ենք: Կյանքի ամեն տող նախապես ծնվում է մեր մտքում:
   Հեղինակը կարդում է իր գրած գիրքը: Այսքանը...ոչ ավելին:

Monday, July 11, 2011

Միստիկա

   Միստիկա...Ստիպեցիր մտածել...մտածել անիրականի, աներևույթ ու անգո երևույթի մասին...մտածել միստիկայի մասին: Միտքս այդքան պայծառ չէր հասկանալու համար, սիրտս այդքան խելացի չէր քեզ ըմբռնելու համար:
   Միստիկա: Երևույթ, ինչի մասին չդադարեց ուղեղս մտածել քեզնից, քո՝ այդ բառն արտասանելուց հետո: Հարազատ էիր, մտերիմ, ավելին՝ սկսում էի քեզ կարոտել, ձայնդ էի փնտրում, աչքերիդ մեկ ակնթարթն էի ուզում ճանաչել: Գերել էիր ինձ իմ ստեղծած կապանքներով: Հետաքրքիր է չէ՞,թէ դու ինչ կապ ունես միստիկայի հետ: Ես ևս կապը չէի նկատել: Ես արդեն սկսում եմ չհավատալ այս աշխարհին: Չհավատալ, որ կյանք կա, որ արյունը դեռ հոսում է մարդկանց երակներում: Բնությունն է երևի ռեալ միայն, իսկ մնացածը...Մի՞թե ես էի քեզ հորինել: Մի՞թե դու իմ երևակայությունում ես ապրել: Մի՞թե կարող եմ ես այդքան կատարյալ, այդքան գեղեցիկ ստեղծագործության հեղինակ լինել: Երևի իմ շուրջն ամեն բան ես եմ ստեղծում, երևի խնդիրների, լուծումների, զգացողությունների ու հուզումների կերտողը ես եմ: Երազներս արդեն ավելի իրական են: Կյանքի գույները մշուշով են պատվել: Չեմ տարբերում ոչինչ ու ոչ մեկի: Ամենն արդեն մի պատկերով եմ տեսնում...Կամ էլ նույնիսկ չեմ տեսնում...
   Փնտրում էի միստիկա, գտա քեզ: Թե՞ հակառակը: Չգիտեմ...