Sunday, June 26, 2011

Դատարկ լիություն

   Տոն է...Ուրախ են բոլորը: Խնջույք է երեկոյի ամեն մի վայրկյանը: Կենտրոնում ես եմ և ինձ ուղղված հաճոյախոսությունները: Սեղանները լեփ-լեցուն են: Դրանց շուրջը միայն իրական մարդիկ. իրական ընկերներ, իրական բարեկամներ, իրական մտքեր ու սրտանց խոսքեր: Այդ խոսքերի կարիքն ունեն բոլորը. նաև ես, նույնիսկ Դու: Իսկ առանց այդ իրական ընկերների ու բարեկամների դժվար ու անհետաքրքիր կլիներ թե իմ կյանքը, և թե քո: Նրանք մեր կյանքի մի մասն են, կարևոր մասը: Ուրախ են կողակիցներս, լի է նրանց սրտերը կրակով, մի մասինն արդեն նաև գինով: Հաճույք հոգու և սրտի, մարմնի և մտքի: Իսկ ե՞ս...
   Կենացներ...կենացներ...կենացներ: Ամենուր հնչում է իմ անունը: Ժպտում եմ, հազվադեպ՝ ծիծաղ ու հրճվանք: Ականջներումս միայն երգ ու ծիծաղ: Տրամադրությունն ասես անվերջանալի է, երգն ու պարը՝ մինչև առավոտ: Լսվում են միայն ոտքերի դոփյուններ ու սուլոցներ: Ձեռքեր՝ ինձ շոյող, աչքեր՝ փայլող ու միտք կլանող: Իսկ ե՞ս...
   Իսկ ե՞ս... Ես առանց քեզ...Ես առանց քո ձայնի՝ աստվածային ու հոգումս անվերջ հնչող ձայնի...Ես առանց քո ձեռքերի ու նրանց տաք շոյանքների...Ես առանց իրական <<Դու>> ի...Ես առանց քո սրտի ու գինովցած շուրթերի, առանց աչքերիդ փայլի ու կրակի, առանց քո ժպիտի ու հայացքի: Ո՛չ, ես ուրախ չեմ, ինչպես ընկերներս ու բարեկամներս: Չեմ ժպտում նրանց նման, չեմ հիանում նրանց երգ ու պարով, ծափով ու ծիծաղով: Նվերներ ու համբույրներ, որոնց մեջ չկա քո նվեր-համույրը:
   Չկաս դու: Ես այսօր առանց քեզ եմ: Մենակ եմ այսքան մարդկանց մեջ: Երեկոյի աղմուկը սրտումս լռության ձայն է լսվում: Չկաս դու: Ես այսօր մենակ եմ:


 
Արթնացի՛ր, սա երազ էր...մղձավանջ:

3 comments:

  1. իրոք շատ լավն էր ...

    ReplyDelete
  2. իրոք շնորհակալություւււն )))

    ReplyDelete
  3. հուսանք մղձավանջ է )))

    ReplyDelete