Ջղայինացած եմ: Ուզում եմ անպայման կիսվեմ հանրության գոնե մի փոքր մասի հետ: Շատ դժվար կլիներ այս ամենը կամ մեջս պահել, կամ ուղղակի անտեսել:
Երկու օր առաջ marketingclub-ի կազմակերպած միջոցառումներից մեկին էի ներկա: Մարքեթինգի ակումբում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանդիպման խորագիրն էր «Հեռուստատեսությամբ և ինտերնետով կոմերցիոն նախագծերի ընթացքում հակամշակութային ինֆորմացիայի ազդեցությունը հասարակության վրա»:
Ուրեմն սենց. սկսեմ սկզբից: Հարց-պատասխանը բառացի չեմ գրի, բայց և զերծ կլինի չափազանցումներից:
Միջոցառման հենց սկզբից նախարարին հարցեր ուղղվեցին, թե ինչ է անում մշակույթի նախարարությունը այսօր հասարակությունում հակամշակութային գործունեությունը կասեցնելու համար, «պատասխան հարված» սպասվու՞մ է, թե՞ ոչ: Նախարարի պատասխանը, որը ինձ ոչ միայն չգոհացրեց, այլև բարկություն առաջացրեց, այսպիսին էր.
- Խնդիրն այստեղ ավելի գլոբալ բնույթ է կրում: Ես այդքան էլ վատ չեմ նայում հակամշակութային գործունեությանը: Եվ դրա մասին մտածելու ժամանակ չունեմ:
Առաջին մասով համաձայն եմ նախարարի հետ, քանի որ իմ կարծիքով մշակույթի նախարարության առջև չափազանց բարդ խնդիրներ կան լուծելու, ավելի բարդ, քան մյուս նախարարություններում: Այստեղ խոսքը մի ամբողջ ժողովրդի մշակույթի պահպանումն ու փոխանցումն է: Նույնը չեմ կարող ասել պատասխանի մյուս կեսի մասին: Ինձ թվում է՝ այդ նույն հակամշակութային գործունեությանը ոչ միայն չի կարելի մատների արանքով նայել կամ ժամանակ չունենալ դրա մասին մտածելու, այլ պարտավոր ենք մենք բոլորս մեր ողջ ուժերը կենտրոնացնել դրա դեմ պայքարելու համար: Այստեղ իրականում խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Հիշեցի Արթուր Մեսչյանի «Ահա և վերջ» գործը: Երգը Հայկի և Բելի պատերազմի մասին է: Հեղինակը այն մեկնաբանում է որպես չավարտված, հիմա նույնպես շարունակվող պատերազմ: Եվ ցավոք սրտի այսօր Բելի որդիները հաղթող են դուրս գալիս: Այս պարագայում Բելի որդիները այդ հակամշակութային գործունեությամբ զբաղվողներն էլ են: Խնդիրն այնքան բարդ է, որ մենք կարիք ունենք մտածելու մեր Հայ տեսակի պահպանման ու այդ որակի արժեքներով քաղաքացիներ դաստիարակելու մասին:
Երիտասարդների մի մասն էլ գտնում էր որ մշակույթի նախարարությունը պետք է վերահսկի եթեր հեռերձակվող սերիալները: Պատասխանը եղավ սպասելի՝ հասարակությունում կա պահանջարկ, չի ուշանում նաև առաջարկը: Նշվեց նաև, որ հեռուստաալիքների մեծ մասը հանդիսանում է խոշոր հարկատու, որը չպետք է մոռանալ: Ըստ ինչ-որ վիճակագրության <<Աննա>> սերիալն ունի մոտ կես միլիոն ունկնդիր: Լավագույն լուծումը ըստ մեր նախարարի չնայելն է: Հասարակությունը պետք է ինքը հասկանա, որ դա իրեն պետք չէ, այդ դեպքում ամեն ինչ կհարթվի:
Միայն այն, որ մշակույթի նախարարությունը չունի իրավասություն վերահսկելու այդ ոլորտը, հարցը տանում է դեպի փակուղի (չմոռանանք նաև, որ տիկտին Պողոսյանը դեմ է մենեջմենթի ամենագլխավոր տարրերից մեկին՝ նույն այդ վերահսկողությանը): Ինչ վերաբերում է պահանջարկին ու առաջարկին, նայելուն ու չնայելուն, համոզված եմ, որ ձեռքերը ծալած նստելով հարց չի լուծվում: Համոզված եմ նաև, որ, եթե նույն այդ հեռուստաալիքներով առաջարկվի դիտել պոռնոֆիլմեր, ապա այդ կես միլիոն ունկնդիրների բանակի թիվը կկրկնապատտկվի: Չեմ կարծում, որ այդ թիվը պետք է որոշի, թե ինչը բարի է մեր հասարակության համար, և ինչը՝ ոչ: Եվ կես միլիոնով <<Աննա>> նայող ժողովրդից սպասել, թե ինքը կհասկանա լավն ու վատը, ուղղակի ծիծաղելի է:
Լուծումը նշածս Հայկ և Բել պատերազմի մեջ է: Չունենք իրավասություն վերահսկելու Բելի որդիների գործերը, ուրեմն պետք է պայքարենք մինչև վերջ Հայկի որդիներով: Մենք կարիք ունենք Հայկերի, սակայն դաստիարակում ենք Բելեր: Ինչու՞: Որովհետև դաստիարակներն իրենք Բելի որդիներ են: Մեր փրկությունը եղած Հայկ ուսուցիչներին պահելու ու առաջմղելու մեջ է: Նրանք կդաստիարակեն որակով Հայ ազգ ու Հայ սերունդ: Մեր ժողովրդին Նժդեհներ են պետք:
Ողբում եմ քեզ ով հայոց ազգ, որ սպանում ես քո տեսակը, քո որակը, փշրում ես Հայկի զավակներին: Այս անգամ չի օգնի նույնիսկ լեզվի ու հավատի շուրջ համախմբվելը: Պայքարը բոլորինս է: Մենք՝ հասարակ ժողովրդի զավակներս պետք է պատերազմենք:
Հաղթելու ենք, ինչ գնով էլ լինի:
ես էտ "միջադեպը" լրիվ ուրիշ ձև եմ մեկնաբանում.. goo.gl/OOPxq
ReplyDelete