Saturday, May 28, 2011

Առավոտ

   Բարի լույս: Արթնացել եմ քո քունը հսկելու մինչ լուսաբաց: Արթնացել եմ, որ Քո լուսաբացը դիմավորեմ, որ աչքերիդ այսօրվա առաջնեկ փայլը վայելեմ, ժպիտդ տեսնեմ, որ այսօր էլ երջանիկ լինեմ: Սպասում եմ քնաթաթախ քո "բարի լույս սիրելիս" ին :
    Նայում եմ քեզ, բայց տեսնում եմ մեզ: Ինձ ևս տեսնում եմ, քանի որ մենք երեքով ենք` Դու, Ես և Մեզ կապող ուժն ու երջանկությունը: Այդ աչքերով եմ հիմա ճանաչում մեզ :Մարդիկ նրա անունը սեր են դրել: Հիշում ես` մենք այլ կերպ էինք կոչում, մինչև հասանք լռության: Մենք երկուսս էլ ճանաչեցինք նրան և կարիք չունեինք անուններ դնել, քանի որ նա միակն է այս աշխարհում: 
   Արևն արդեն մեզ է սպասում: Նա ևս գիտի մեր մասին և չի խնայում իր փայլը մեր ննջարանի համար: Երկրի արևն արթնացել է , իսկ իմը` ոչ: Բայց միևնույնն է չեմ փոխի քեզ ոչ մի ուրիշ արևի հետ : 
   Չեմ ուզում քունդ խանգարել , բայց և չեմ կարող երկար սպասել: Արդեն անհամբեր եմ: 
   Ժպիտ... Շուրթերիդ փայլ... Հստակ, խոսուն, երջանիկ աչքեր... Քեզ էի սպասում.
   -Բարի լույս սիրելիս...

Monday, May 23, 2011

Հայացք

   Բարև: Նորից քեզ հետ եմ խոսում: Չէ, միայն քեզ հետ: Պատասխանը մեկն է ` հայացք: Վերջ: Անվե՜րջ հայացք: Երկու անգամ եմ տեսել այդ հայացքդ: Մեկը` տեսիլք, մյուսը` ... Երկրորդի համար դժվար է բառ գտնել: Դողացող - դողացնող, խելագար - խելագարության հասցնող, ընդամենը մեկ վարկյան - հավետ աչքերիս առաջ, սիրտ տվող, բայց և անսիրտ աչքերով...Լուռ էր, սակայն տեսա մեծ փոթորիկ: Դադարել ես խոսել...Ոչինչ, քո տեղը հայացքդ է խոսում :
   Կքայլեմ այլևս հայացք ման գալով... Միգուցե գտնեմ նման մի հավերժ կյանք, միգուցե տեսնեմ ավելին, քան տեսա, միգուցե գտնեմ բանալին : Ներս մտնեմ հայացքիցդ այն կողմ, տեսնեմ քեզ` ինչպես դու քեզ հայելում :
   Չես ժպտում: Չէի հասկանում ` ինչու: Փոթորկի ժամանակ ժպիտ... Նայում եմ ինձ... Ես էլ չեմ ժպտում: Ոզում եմ լիաթոք հրճվել... Քեզ հետ... Վաղուց էր ... Քո ծիծաղն էլ եմ մոռացել, իմն էլ:
   Կյանքը ծիծաղելի է, կտեսնեմ տեսիլքիս հայացքդ: Կբռնեմ ու բաց չեմ թողնի... որ ապրեմ:

Tuesday, May 17, 2011

Ապրում եմ

   Ձեռքումս գրիչ է: Սրտումս էլ տեղ չկա: Արյունս թանաք է դարձել: Չեմ ոգեշնչվում, հուսախաբ չեմ լինում, բայց չեմ էլ հուսում: Հոգիս հոգումդ է: Սիրտդ սրտումս է: Դու էլ մտքումս ես: Միտք... Ամբողջովին դարձել եմ միտք: Նայում եմ շուրջս, բայց չեմ տեսնում, դառնում եմ համակ ուշադրություն և չեմ լսում: Հպվում եմ, քայլում, արբում... և չեմ զգում:
   Բայց ապրում եմ... որովհետև քեզ եմ տեսնում, երբ նույնիսկ կողքիս չես, խոսում եմ քեզ հետ, երբ արցունքներս են ինձ պատասխանում, զգում եմ քեզ...սրտումս ես: Սիրտս է զարկում, բայց էլի քո ձայնն է : Դու ես ` կատարյալ:
   Ապրում եմ , քանի դեռ աղոթում եմ քեզ: Կարծում էի ` աթեիստ եմ : Դարձա կրոնավոր ամբողջ էությամբ: Տաճարիդ վարդապետն եմ:
   Տեսնում եմ, լսում եմ, զգում եմ ...Ապրում եմ...

Monday, May 9, 2011

Չեմ ուզում նայեմ նկարիդ

   Չեմ ուզում նայեմ նկարիդ... Ահավոր ես: Մի պահ ահավոր լավը, մի պահ ...: Ոմանք ասում են նկարներումդ սառն ես : Ես կասեմ ` էությունդ էլ է սառը:  Կեղծ ես...Գիտեմ ինչու, բայց միևնույնն է չես հասկանա, ինչպես չհասկացար և ոչ մի տառս: Դա պարզապես դու չես, դուրդ չեկար սպիտակ, պարզ ժամանակ: Գերեցին քեզ այլ գույները: Պարզ էիր, դարձար հասարակ: Հոգիտ, միտքդ լցվեց...Սկսեցիր հասկանալ ինչ-որ բաներ: Լցվեց նրանով, ինչի պակասն ունեիր: Բայց... Չհետևեցիր...Քանզի չէիր ճանաչում իրականը, տարվեցիր կեղծիքով: Բավարարվեցիր դրանով:
   Չեմ ուզում նայեմ նկարիդ...Խելագարվում եմ:  Հեքիաթ ես դու...Չկաս...Քեզ ես եմ ստեղծել և պաշտում եմ, ինչպես պաշտում են անգո կուռքերին: Վախենում եմ, դողում: Ախր դու եղել ես... Ու՞ր ես հիմա: Ինչու՞ լքեցիր...Քեզ: Լուռ ես... Միշտ...
   Ինքդ կապեցիր աչքերդ, Միայն ինքդ կարող ես արձակել կապերը: Փորձեցի արձակել, կներես... ավելի պինդ կապեցիր:

Tuesday, May 3, 2011

Ուռռաա՜ մարդ ա մեռել

   Խնդրում եմ մակերեսորեն չհասկանալ:
   Ամբողջ մոլորակով բառացի տոնում ենք մարդասպանությունը: Ուրախանում ենք մի բանով, որը սովորաբար ծիծաղի փոխարեն տխրությամբ էր ուղեկցվում:
   - Բայց չէ որ Ոսամա բեն Լադենը այդքան մարդկանց կյանք է խլել, չէ որ նա աշխարհի համար առաջին ահաբեկիչն էր: Նա բոլորի թշնամին էր:
   Պատերազմական գործողություններում իր հայրենիքը պաշտպանելուց մարդ ստիպված է լինում սպանել թշնամիներին: Բայց... Տոնում են հաղթանակը, ոչ թե մահը: Արդյունքում տուժում են ոչ թե բենլադենները, այլ մարդը, նրա հոգին, քարանում է նրա սիրտը:

  Արժե գոնե մի փոքր մտածել. գոյություն ունե՞ր, արդյոք, բեն Լադեն ահաբեկիչ:
  Առաջարկում եմ դիտել այս ֆիլմը, մնացածը ինքներդ կդատեք   Wag The Dog