Thursday, October 6, 2011

Մի կտոր հուշ քեզանից

   Այսօր հուշերի օր է:
   Ափսոս, քեզ միայն հուշերումս եմ գտնում: Ավաղ, քեզ միայն սրտիս աչքերն են տեսնում: Այդպես էլ չնվիրեցիր օծանելիքդ, որ հիմա գոնե բույրդ զգայի:
   Հետաքրքիր էր մեր ամեն վայրկյանը, չնայած ընդամենը մի երկու անգամ հանդիպեցինք, մի քանի րոպե զգացի շունչդ:
   Քեզանով եմ ինձ այդ տարիներին հիշում: Քո խոսքերն են ինձ նկարագրում, քո բառերով եմ ինձ նայում: Հիշում եմ քեզ հետ խոսելուց հաճախ ժպտալս, որը այդպես էլ հետ չեկավ քեզանից հետո: Հիշում եմ զանգերից հետո մինչև լուսաբաց ձգվող նամակները: Հիշում եմ քնկոտությունս ու դրա պատճառով մեր վեճերը: Իսկ հիմա հիշելուց մի ինչ-որ աստվածային զգացումով է սիրտս լցվում:
   Քեզանով եմ սիրել սովորել, քեզանով եմ սիրվելը ճանաչել: Քեզ համար եմ առաջին անգամ իսկական քաջությունը զգացել: Զանգեցի ընկերոջս.
 - Բարև **** ջան: Հիմա նենց տեղ եմ գնում, որ հնարավորա չկարողանամ վերադառնամ: Մի երկու ժամից եթե չզանգեմ կգաք հետևիցս: Ես *** կլինեմ :
   Հիմա ժպտալով եմ հիշում, նույնիսկ հպարտությամբ, որ քեզ հանդիպել եմ: Եթե նույնիսկ այս կյանքում ոչնչի չհասնեմ, չզգամ կյանքի շատ քաղցրություններ, միևնույն է չեմ տխրի: Ես Քեզ եմ ունեցել: Միգուցե կյանքը ինձ նվեր անի և մի անգամ էլ տեսնեմ, էլ չեմ թողնի որ հեռանաս: Կհիշեմ քեզ, ինչպես հիմա եմ հիշում: Կհիշեմ մեզ ինչպես երազում էի: Կհիշեմ մեր ապագան, որ երազում էինք: Կհիշեմ այն աղջկան, որին ցանկանում էինք ծնունդ տալ: Մինչև հիմա ամեն անգամ երեխայի սեռի մասին կարծիքներ կամ զրույցներ լսելիս քեզ եմ միայն հիշում ու այն աղջկան, որ այդպես էլ չծնվեց: Առաջին անգամ աղջիկ երեխա ցանկացա. վախենում էի որ առանց քեզ չէի կարողանա ապրել: Նա քեզ էր հիշացնելու: Նրա աչքերը քո աչքերն էին լինելու: Բայց...Ավաղ...Մնացել եմ մենակ, մնացել եմ հուշերիս հետ:
   Հավերժության համբույր եմ ուղարկում քեզ: Գիտեմ՝ խոսքերս ինչ-որ կերպ կզգաս, գիտեմ՝ ինչ-որ հեռվում նստած հիմա դու էլ ես ինձ հիշում:

Wednesday, October 5, 2011

Վայրկյան


Վերջին համբույրդ այտիս դրոշմված,
Հեռուներն են մեզ բաժանում,
Վայրկյաններս են լի քեզնով,
Մի վերջին համբույր, որ ապրում է ինձ հետ, 
Մի վերջին վայրկյան, որ ապրում է հավետ:

Monday, October 3, 2011

Գնում ես

 - Քեզ վարդեր եմ բերել: Այս ի՞նչ է: Հմմ, գնու՞մ ես:
 - Կներես, եկել էի գնալու համար:
 - Արդեն որերորդ անգամ է: Գոնե դու գիտես դա: Օգնե՞մ հավաքես իրերդ:
 - Արդեն հավաքել եմ, մնացածը քեզ եմ թողնում:
 - Օծանելիքդ եմ միայն խնդրում:
 - Վերցրու, խոստացիր, որ վաղը ևեթ կպահես մեր չհիշվող անկյունում:
   Համբուրեց ու միայն դռան փակվելու ձայնը լսեցի: Երկու-երեք ժամ հետո ուշքի եկա: <<Դեռ չե՞ս հասկանում սա իրականություն է: Կրկնվող իրականություն >> : Բայց չէի համակերպվում ոչ մի բաժանման հետ: Բայց մյուսն էր գալիս. հաջորդը: Ամեն հաջորդի գալով սրտիս ու աչքերիս ջերմը փակում էին բացված վերքերս: Ու միայն մի բան էր բերում իր հետ՝ նոր ճաքեր սրտիս: Թմրամոլի եմ նմանվում: Անվերջ թվացող, բայց իրականում ժամանակավոր հաճույք, իսկ հետո...
   Առավոտյան արթնացա և ծխախոտի մնացորդներից ու խմիչքի շշերից բացի ոչ մի բան չտեսա: Սեղանին գտա նրա օծանելիքը: Վարդերը չգտա:
<<Գիժ, ты любишь носом>>,- նրա խոսքերն էին:
   Մի բաժակ սուրճ խմեցի, վերցրի օծանելիքը... ու այդպես մի րոպե, մի ժամ, մի օր:
   Այսքանից հետո ինչու՞ չի կոտրվում կարոտի զգացումը: Թվում է, թե դեռ սենյակումս է, կամ ուր որ է դուռը կբացվի և կժպտա խենթ աչքերով:
  -Կարոտում եմ...Կզանգե՞ս:
   Պտտվում է ջարդված անիվը: Հոգնել եմ կրկնվող շղթայից: