Tuesday, September 6, 2011

10 տարին 10 օրում

   Քայլերս նորից հաջորդում են իրար աղոտ ու անծայր լռության մեջ: Շուրջբոլորս դատարկություն է ու քաոս: Մի պահ երևաց լուսինն ու անհետացավ մտքերիս շփոթից: Անվերջ հոսում են անբառ ու անհասկանալի մտքերս: Օրերով հանգիստ չունեմ դրանցից: Շուրջս միայն մտքեր ու երևակայությունումս ծնված աղոտ պատկերներ են, հորինված ծիծաղի ձայներ ու անվերջ ծաղրանքով մատնացույց անող հռհռացող դեմքեր: Միայն մի պատկեր էր, որ միշտ նույն տեղում էր ու նույն ժամին:
   Գիշերվա մթության նման փայլուն սև մազերով տասնամյա մի աղջկա հանդիպեցի: Արդեն ամսից ավել էր նրան տեսնում էի նույն ժամին քրքրված մի կտորի վրա նստած: Թվում էր՝ ոչ ոք նրան չէր էլ նկատում: Ես ևս գրեթե մի շաբաթ հետո նկատեցի նրա գոյությունը: Չկարողացա ծանոթանալ նրա հետ...չպատասխանեց իմ ոչ մի բառին: Կարծես չէր էլ տեսնում ինձ, ոչ էլ ձայնս էր լսում: Հաջորդ օրը նրան մի ծաղիկ նվիրեցի: Զարմանալի էր, բայց շրջվեց, ժպտաց ու ընդունեց նվերս: Խնդրեցի նրան, որ ծաղկամանի մեջ դնի ու ամեն օր ջրի:
   -Շնորհակալ եմ,-մեղավորի ժպիտով մի կերպ նայեց աչքերիս ու վազելով հեռացավ:
   Այդ օրից անցավ տասը օր, ինչ մենք ոչ մի բառ չփոխանակեցինք: Տեսնում էի նրան էլի նույն տեղը նույն կտորի վրա նստած, բայց չէի մոտենում: Տասը օր հետո նրա աչքերի արցունքները ստիպեցին խոսել հետը: Պատմեց մի շնչով, առանց հեկեկալու, բայց արցունքները  առատ հոսում էին այտերի վրայով:
    Պահածոյի ամանից մի ծաղկաման էր շինել ու ծաղիկը դրա մեջ դրել: Խնամելու դեպքում այն շատ երկար էր ապրելու ու նրանց հոտած տանը գույն կտար: Տասնամյա աղջիկը ծաղիկը դրել էր տան մեջտեղը: Նրա հայրն ու մայրը չնկատեցին էլ դա: Տասը օրում տեսավ ամենը, ինչ այդ աղջիկը տեսել էր տասը տարի շարունակ: Տասը օրում նրա շնչին հասան հոր տաղտկալի ու հոտած հայհոյանքներն ու մոր՝ լրբի նման գոռոցները: ԶԶվելի ճահիճը դարձավ նրա հողը, սպիրտի ու ծխի օդը՝ նրա ջուրը: Աղջիկը սովոր էր ծնողների գարշելի կռիվներին: Նա դրանց սկզբից տասը րոպե առաջ արդեն տանը չէր: Գլուխն առնում ու փախնում էր, միայն թե չլսեր հոր <<պոռնիկն>> ու մոր <<հարբեցող անասունը>>: Օրերով չէր նայում մոր կապտած ու այլանդակված աչքերին ու ոչ էլ հոր արյունոտ վերքերով լի հայացքին:
   Դուրս էր գալիս ու քայլում այնքան, մինչև ոտքերը կանգ կառնեին ու հենց կանգնած տեղում էլ նստում էր կամ գլխարկի, կամ էլ քանդված շարֆի վրա: Ընկեր էլ չուներ, որովհետև բոլորը նրան մատով էին ցույց տալիս: Բայց նա դա չէր էլ նկատում: Ու ոչ մեկին էլ չէր տեսնում: Նստում էր այնքան, մինչև հիշում էր, որ տուն պետք է գնա: Տանն էլ նրան չէին նկատում: Նա էլ արդեն ծաղկի համար էր տուն վերադառնում: Առաջին օրը մի բաժակ ջուր լցրեց ծաղկամանի մեջ ու անհամբեր ժպիտով սպասեց արձագանքին: Այդ օրը պառկեց քնելու՝ հիշողության մեջ ուրախությամբ դաջելով ծաղկի՝ վեր բարձրացող հայացքը:
   Հաջորդ օրն եկավ: Արթնացավ նորից վեճ ու կռվի մեջ: Արթնացավ՝ ծաղիկների դաշտերը երազում թողնելով: Ու նորից՝ ինչպես միշտ: Մտածեց ծաղիկն էլ հետը վերցնի, բայց վախեցավ մտնի հոր ու մոր ծեծկռտուքի մեջ: Դռան արանքից մի վայրկյան նայեց ու հեռացավ: Ու այսպես անընդմեջ: Նա դուրս էր գալիս, իսկ նրա միակ ծաղիկը, միակ ժպիտն ու միակ ընկերը մնում էր հոր փտած գոռոցների ու անմարդկային բարբաջանքների մեջ:
   Խնամելու դեպքում այն շատ երկար էր ապրելու և աղջկա հայացքին ժպիտ էր տալու: Տասը օր էլ չապրեց այդ ծաղիկը: Մեռավ ու իր հետ տարավ մի տող ժպիտ...մի տող, բայց վերջինը, մի վայրկյան ամեն օր դռան արանքից առանց արցունք իրեն նայող աչքեր...մի վայրկյան, բայց միակը:
   Քայլերս նորից հաջորդում են իրար աղոտ ու անծայր լռության մեջ: Շուրջբոլորս դատարկություն է ու քաոս: Անձրևները մթնշաղի թափվում են արևոտ իմ դեմքին: