Ափսոս, քեզ միայն հուշերումս եմ գտնում: Ավաղ, քեզ միայն սրտիս աչքերն են տեսնում: Այդպես էլ չնվիրեցիր օծանելիքդ, որ հիմա գոնե բույրդ զգայի:
Հետաքրքիր էր մեր ամեն վայրկյանը, չնայած ընդամենը մի երկու անգամ հանդիպեցինք, մի քանի րոպե զգացի շունչդ:
Քեզանով եմ ինձ այդ տարիներին հիշում: Քո խոսքերն են ինձ նկարագրում, քո բառերով եմ ինձ նայում: Հիշում եմ քեզ հետ խոսելուց հաճախ ժպտալս, որը այդպես էլ հետ չեկավ քեզանից հետո: Հիշում եմ զանգերից հետո մինչև լուսաբաց ձգվող նամակները: Հիշում եմ քնկոտությունս ու դրա պատճառով մեր վեճերը: Իսկ հիմա հիշելուց մի ինչ-որ աստվածային զգացումով է սիրտս լցվում:
Քեզանով եմ սիրել սովորել, քեզանով եմ սիրվելը ճանաչել: Քեզ համար եմ առաջին անգամ իսկական քաջությունը զգացել: Զանգեցի ընկերոջս.
- Բարև **** ջան: Հիմա նենց տեղ եմ գնում, որ հնարավորա չկարողանամ վերադառնամ: Մի երկու ժամից եթե չզանգեմ կգաք հետևիցս: Ես *** կլինեմ :
Հիմա ժպտալով եմ հիշում, նույնիսկ հպարտությամբ, որ քեզ հանդիպել եմ: Եթե նույնիսկ այս կյանքում ոչնչի չհասնեմ, չզգամ կյանքի շատ քաղցրություններ, միևնույն է չեմ տխրի: Ես Քեզ եմ ունեցել: Միգուցե կյանքը ինձ նվեր անի և մի անգամ էլ տեսնեմ, էլ չեմ թողնի որ հեռանաս: Կհիշեմ քեզ, ինչպես հիմա եմ հիշում: Կհիշեմ մեզ ինչպես երազում էի: Կհիշեմ մեր ապագան, որ երազում էինք: Կհիշեմ այն աղջկան, որին ցանկանում էինք ծնունդ տալ: Մինչև հիմա ամեն անգամ երեխայի սեռի մասին կարծիքներ կամ զրույցներ լսելիս քեզ եմ միայն հիշում ու այն աղջկան, որ այդպես էլ չծնվեց: Առաջին անգամ աղջիկ երեխա ցանկացա. վախենում էի որ առանց քեզ չէի կարողանա ապրել: Նա քեզ էր հիշացնելու: Նրա աչքերը քո աչքերն էին լինելու: Բայց...Ավաղ...Մնացել եմ մենակ, մնացել եմ հուշերիս հետ:
Հավերժության համբույր եմ ուղարկում քեզ: Գիտեմ՝ խոսքերս ինչ-որ կերպ կզգաս, գիտեմ՝ ինչ-որ հեռվում նստած հիմա դու էլ ես ինձ հիշում: